«Նոան» պարտությամբ ավարտեց Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլը՝ 6-րդ տուրում Լեհաստանի Լյուբլին քաղաքում 0-2 հաշվով զիջելով Կիևի «Դինամոյին»։ Հայաստանի գործող չեմպիոնը Լիգայի փուլի մրցաշարային ամփոփիչ աղյուսակում 8 միավորով զբաղեցրեց 19-րդ տեղը և իրավունք ստացավ անցումային փլեյ-օֆֆում վիճարկելու 1/8 եզրափակչի ուղեգիրը:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. «Նոան» պատմական նվաճման հասավ՝ եվրագավաթների մասնակից հայկական ակումբներից առաջինն իրավունք ստանալով անցումային փլեյ-օֆֆում վիճարկելու Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիրը:
«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի արտագնա հանդիպումներում առաջին պարտությունը կրեց: Մրցակցի դաշտում ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» և շոտլանդական «Աբերդինի» հետ հանդիպումներում գրանցվել էր ոչ-ոքի միևնույն 1-1 հաշվով:
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 6 հանդիպումներում «Նոան» 2 հաղթանակ տոնեց, նույնքան խաղ ավարտեց ոչ-ոքի ու պարտվեց, խփեց 6 գոլ, բաց թողեց 7 գնդակ:
2. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Նոան» 14-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 4-րդ պարտությունը: Հայաստանի չեմպիոնը 5 հաղթանակ է տարել, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 21 գոլ, բաց է թողել 19 գնդակ:

3. «Նոան» 2-րդ տարին անընդմեջ մասնակցեց Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին: Անցկացրած 12 խաղում «Նոան» 3 հաղթանակ է տոնել, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 6 պարտություն, խփել է 12 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 23 գնդակ, վաստակել է 12 միավոր, ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է:
4. «Ալաշկերտը», «Փյունիկն» ու «Նոան» միասին Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում ընդհանուր առմամբ անցկացրած 24 հանդիպումներում 5 հաղթանակ են տարել, 4 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 15 պարտություն, խփել են 24 գոլ, բաց են թողել 47 գնդակ: «Փյունիկը» ևս վաստակել է հնարավոր միավորների 33,3 տոկոսը՝ 6 հանդիպումներում իր օգտին գրանցելով նույնքան միավոր:
5. «Նոան» եվրագավաթներում 31-րդ խաղն ավարտեց 12-րդ պարտությամբ: Հայաստանի չեմպիոնը նույնքան հաղթանակ է տոնել, 7 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 47 գոլ, բաց է թողել 50 գնդակ:
6. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբները միասին 24 խաղ են անցկացրել, որից 8-ում հաղթել են, 6-ն ավարտել են ոչ-ոքի, կրել են 10 պարտություն, խփել են 34 գոլ, բաց են թողել 37 գնդակ:

7. «Նոան» եվրագավաթների մրցաշարերում առաջին անգամ մրցեց ուկրաինական թիմի հետ: Իսկ ահա Կիևի «Դինամոն» 2-րդ անգամ մրցավեճի բռնվեց Հայաստանի ներկայացուցչի հետ: 2002/03թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում դինամոյականները պայքարից դուրս էին մղել «Փյունիկին»: Կիևում կայացած առաջին խաղում դաշտի տերերը 4 անպատասխան գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը: Երևանում գրանցվել էր մարտական ոչ-ոքի՝ 2-2: Ընդ որում «Դինամոն» հաղթում էր 2-0 հաշվով և միայն Քարամյան եղբայրների խփած գոլերի շնորհիվ փյունիկցիները խուսափեցին պարտությունից:
Այդ ոչ-ոքին հայկական թիմերի համար առայժմ միակն է ուկրաինական 4 ակումբների հետ եվրագավաթներում անցկացրած 13 հանդիպումներում: Մնացած 12 խաղերում հայկական թիմերը պարտվել են, խփել են ընդամենը 7 գոլ, բաց են թողել 36 գնդակ:
8. Նարդին Մուլահուսեյնովիչի արդյունավետ 5 խաղերի ռեկորդային շարքն ընդհատվեց: Նա 5 գոլով «Ցելյեի» ֆուտբոլիստ Ֆրանկո Կովաչևիչի և «Լեխի» հարձակվող Միխայիլ Իշակի հետ դարձավ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն:
Նարդին Մուլահուսեյնովիչը 5 գնդակով նաև Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում հայկական ակումբների լավագույն ռմբարկուն է: Բոսնիացի հարձակվողն իր թիմակից Ուլադ Օմարի հետ եվրագավաթների ընթացիկ խաղարկությանը մասնակցած հայկական ակումբների ֆուտբոլիստներից բոլորից արդյունավետ է գործել՝ խփելով 5 գոլ:
3 գոլի հեղինակ է դարձել Մաթեուս Այասը, 2-ական անգամ աչքի են ընկե Հելդեր Ֆեռեյրան ու Ալեն Գրգիչը, մեկական գոլ են խփել Յան Էտեկին, Մարին Յակոլիշն ու Հովհաննես Հարությունյանը: Մեկ գնդակ էլ սեփական դարպասն է խփել «Ֆերենցվարոշի» ֆուտբոլիստ Ստեֆան Գարտենմանը:

9. Օգնյեն Չանչարևիչը եվրագավաթներում հայկական ակումբների կազմում 46-րդ խաղն անցկացրեց: Այդ ցուցանիշով նա եվրագավաթներում հայկական ակումբների ամենափորձառու ֆուտբոլիստների եռյակում է՝ զիջելով միայն Արտակ Գրիգորյանին (53 խաղ) և Արտակ Դաշյանին (48):
Նախորդ հանդիպումը եվրագավաթներում 36-ամյա սերբ դարպասապահն անցկացրել էր օգոստոսի 28-ին՝ թիմի դարպասը պաշտպանելով Սլովենիայի «Օլիմպիայի» հետ կայացած Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի տնային խաղում, որում «Նոան» հաղթել էր 3-2 հաշվով:
10. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում Սանդրո Պերկովիչը խաղադաշտ է դուրս բերել 25 ֆուտբոլիստների, որոնցից Սերգեյ Մուրադյանը, Հելդեր Ֆեռեյրան, Մաթեուս Այասը և Յան Էտեկին մասնակցել են բոլոր 14 հանդիպումներին:

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում «Նոայի» կազմում հանդես եկան 21 ֆուտբոլիստներ: Նրանցից 10-ը՝ Սերգեյ Մուրադյանը, Դավիդ Սուալեհեն, Էրիկ Բոակյեն, Տակուտո Օշիման, Գուդմունդուր Թորարինսոնը, Նատանաել Սանտինին, Հելդեր Ֆեռեյրան, Մաթեուս Այասը, Յան Էտեկին և Նարդին Մուլահուսեյնովիչը մասնակցել են բոլոր 6 հանդիպումներին:
Հելդեր Ֆեռեյրան և Մաթեուս Այասը եվրագավաթներում «Նոայի» կազմում անցկացրած 28-ական խաղով թիմի ռեկորդակիրներն են:


