Logo

«Նոայի» խոշոր հաշվով առաջին հաղթանակն ու Օմարի հեթ-տրիկը. «Օլիմպիա» - «Նոա» հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:11 / 22.08.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս 4-1 խոշոր հաշվով հաղթելով Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային», հիմնական փուլի ուղեգրի նվաճման լուրջ հայտ ներկայացրեց:

FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:

1. «Նոան» եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում խոշոր հաշվով առաջին հաղթանակը տարավ՝ ընդհատելով առանց հաղթանակների 5 խաղերի շարքը (3 ոչ-ոքի, 2 պարտություն): Եվրագավաթների մրցաշարերում դա արտագնա հանդիպումներում Հայաստանի չեմպիոնի խոշոր հաշվով առաջին հաղթանակն էր: Նախորդ երկու հաղթանակները գրանցվել էին սեփական դաշտում նախորդ մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում («Սլիմա Ուոնդերերս» Մալթա՝ 7-0, «Ռուժոմբերոկ» Սլովակիա՝ 3-0):

2. «Նոան» եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 2-րդ հաղթանակը տարավ, որը 9-րդն էր եվրոպական գավաթների մրցաշարերում: Մյուս հանդիպումներից 5-ում գրանցվել է ոչ-ոքի, 10-ում Հայաստանի գործող չեմպիոնը պարտվել է, խփել է 38 գոլ, բաց է թողել 41 գնդակ:

3. «Նոան» 3-րդ անգամ է մասնակցում Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը: Թիմի առաջին ելույթն անհաջող էր: 2021/22թթ. մրցաշրջանում հայկական ակումբը զիջեց ֆիննական ԿուՊՍ-ին՝ 1-0, 0-5: Իսկ ահա նախորդ մրցաշրջանում «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր նվաճեց:

Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարերում «Նոան» անցկացրած 17 հանդիպումներում 8-րդ հաղթանակը տարավ: Մնացած խաղերից 2-ում գրանցվել է ոչ-ոքի, 7-ում Հայաստանի գործող չեմպիոնը պարտվել է, խփել է 29 գոլ, բաց է թողել 28 գնդակ:

4. «Նոան» 2-րդ անգամ հանդես եկավ եվրագավաթների փլեյ-օֆֆում: Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկությունում Հայաստանի չեմպիոնն այդ փուլում պայքարից դուրս էր մղել Սլովակիայի «Ռուժոմբերոկին»՝ 3-0, 1-3:

5. «Նոան» եվրագավաթներում առաջին անգամ մրցեց Սլովենիայի ներկայացուցչի հետ: «Օլիմպիան» սլովենական 5-րդ ակումբն էր, որ եվրագավաթներում մրցավեճի բռնվեց հայկական թիմի հետ: Հայաստանի ներկայացուցիչները 4-րդ հաղթանակը տոնեցին: Մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի, 5-ում հայկական ակումբները պարտվել են: Խփած և բաց թողած գնդակների տարբերությունը մրցակիցների օգտին է՝ 17-12:

6. Հայ-սլովենական ֆուտբոլային դիմակայությունում հայկական թիմին առաջին անգամ հաջողվեց խոշոր հաշվով հաղթել: Իսկ սլովենական թիմերը նախկինում նման կարգի երկու հաղթանակ են տարել: 2002/03թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Պրիմորիեն» 6-1 հաշվով հաղթել էր «Զվարթնոցին», իսկ 2024/25թթ. Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում «Ցելյեն» պարտության էր մատնել «Փյունիկին» (4-1):

7. Ուլադ Օմարը դարձավ եվրագավաթներում հեթ-տրիկ ձևակերպած «Նոայի» 2-րդ ֆուտբոլիստը: Առաջինը Գոնսալու Գրեգորիուն էր, որը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել նախորդ մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Սլիմա Ուոնդերերսի» հետ խաղում:

Եվրագավաթների մրցաշարերում հայկական ակումբների ֆուտբոլիստներին ընդհանուր առմամբ 4 անգամ է հաջողվել հեթ-տրիկի հեղինակ դառնալ: Առաջինը շիրակցի Ֆոֆանա Բեկոն էր, որը 2013/14թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում 3 անգամ գրավել էր Սան Մարինոյի «Տրե Պենեի» դարպասը: 2023/24թթ. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում էլ ալաշկերտցի Ագդոն Մենեզեսն էր 3 գոլ խփել Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատի» դարպասը:

8. Ուլադ Օմարը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 5-ի և ընդգրկվեց թիմի լավագույն ռմբարկուների եռյակում: Ցանկը 7 գնդակով գլխավորում է Մաթեուս Այասը, որին հաջորդում է 6 գոլ խփած Գոնսալու Գրեգորիուն:

Օմարն իր առաջին երկու գոլերը խփել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Չեռնոգորիայի «Բուդուչնոստի» դարպասը՝ երկու խաղերում էլ աչքի ընկնելով մեկական անգամ: Մարոկկացի ֆուտբոլիստն ընդգրկվեց նաև եվրագավաթներում հայկական ակումբների լավագույն ռմբարկուների տասնյակում:

9. Մարին Յակոլիշը բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում: Նա ընդգրկվեց եվրագավաթներում «Նոայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Օլիմպիայի» դարպասը գրավելով 28 տարեկան 238 օրականում:

10. Օգնյեն Չանչարևիչը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 220 րոպե շարունակ դարպասն անառիկ պահեց և ընդգրկվեց դարպասապահների լավագույն տասնյակում:

Նախորդ գոլը նա բաց էր թողել Ջիբրալթարում «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ կայացած հանդիպման առաջին խաղակեսի ավելացված ժամանակում, որից հետո 120 րոպե գոլ բաց չէր թողել պատասխան խաղում, իսկ «Օլիմպիան» նրա դարպասը գրավել էր 56-րդ րոպեին: Ռեկորդակիրը փյունիկցի Հենրի Ավագյանն է, որը Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկությունում 335 րոպե շարունակ դարպասն անառիկ էր պահել:

Չանչարևիչը եվրագավաթների մրցաշարերում 44-րդ խաղն անցկացրեց և Տարոն Ոսկանյանի հետ 3-4-րդ տեղերն է բաժանում ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում: Եվրագավաթներում անցկացրած խաղերի քանակով (53) ռեկորդակիրն Արտակ Գրիգորյանն է: Երկրորդ ցուցանիշն ունի Արտակ Դաշյանը, որը մասնակցել է 48 խաղի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ