Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարներից «Նոայի» հրավերով Պորտուգալիայից բարձրակարգ մարզչական թիմ է եկել Հայաստան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Նոան» բացառիկ գործակցություն է սկսել մարզչական այս թիմի հետ, որը կաշխատի հայկական ակումբի ակադեմիայում։ Հայաստան ժամանած թիմի կազմում են մարզիկների և զարգացման գծով մենեջերներ Պաուլու Լեյտաուն, Նունու Մոտան, որակի ապահովման և գործառնությունների մասնագետ Խորխե Ռաֆայել Սանտոսն ու ֆուտբոլիստների հավաքագրման մենեջեր Պաուլու Մորեյրան:
Նրանք գործակցել են եվրոպական մի շարք երկրների ակադեմիաների և ակումբների հետ, կրթել են մի շարք անվանի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Լուիշ Ֆիգուն, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռիկարդու Կուարեժման, Ռաֆայել Լեաուն, Գոնսալու Գեդեշը, Նունու Մենդեշը և այլք։
«Մենք միշտ գործակցել ենք այնպիսի ակումբների սեփականատերերի հետ, որոնց հետ ունենք ընդհանուր գաղափար ու նպատակին հասնելու տեսլական։ «Նոայի» հետ գործակցության հիմքում հենց այս սկզբունքներն են։ Ակումբի ղեկավարության հետ քննարկել ենք ակումբի և հատկապես ակադեմիայի զարգացման ռազմավարությունն ու եկել ենք ընդհանուր հայտարարի։ Երկար տարիներ աշխատելով ֆուտբոլային էլիտար կառույցներում, ունենալով բարձր արդյունքներ՝ պատրաստ ենք մեր փորձն ու գիտելիքները ներդնել «Նոայի» ու հայկական ֆուտբոլի զարգացման համար»,- «Նոային» միանալուց հետո նշել է ֆուտբոլիստների զարգացման գծով պատասխանատու Նունու Մոտան։
Ֆոտո՝ «Նոայի» մամուլի ծառայություն


