Logo

«Նոայի» գլխավոր մարզիչ. «Պետք է հաղթենք առաջնությունում և գավաթում»

19:58 / 19.02.2024Ֆուտբոլ
null

«Նոայի» գլխավոր մարզիչ Կառլոս Ինարեխոսն ամփոփել է Կատարում թիմի անցկացրած մարզական հավաքը, խոսել է նաև նորեկների և Հայաստանի առաջնության երկրորդ հատվածից իր սպասելիքների մասին:

«Հավաքը շատ լավ անցավ։ Մենք շատ գոհ ենք, ամեն ինչ շատ հարմարավետ էր, հատկապես խաղադաշտերի որակը, որը մեզ թույլ տվեց անցկացնել որակյալ մարզումներ ու բարելավել մեր խաղային փիլիսոփայությունը և խաղաոճը: Ուրախ ենք, որ թիմում նորեկներ կան։ Կարծում եմ՝ իմ գալու առաջին օրվանից խաղացողները շատ են առաջադիմել և հավաքի ընթացքում մենք կատարելագործեցինք մի շարք դետալներ, որոնք նախկինում չէին գոհացնում։ Կարծում եմ՝ հիմա թիմն ավելի լավ մարզավիճակում է՝ վստահ է իր ուժերի վրա, ու ավելի ուժեղ ու մրցունակ կմոտենա մրցաշրջանի երկրորդ հատվածին։

Մենք ցանկանում ենք խաղալ ուժեղ թիմերի դեմ, դա ամենակարևորն է, քանի որ առաջնության երկրորդ հատվածում ավելի ուժեղ մասնակցություն ենք ունենալու: Արձակուրդ գնալուց առաջ մենք հանդիպեցինք ակումբի նախագահի և սպորտային տնօրենի հետ ու գրանցեցինք, թե որ դիրքերն ենք ցանկանում ուժեղացնել։ Մեզ համար կարևոր էին կենտրոնական պաշտպանի, կիսապաշտպանի ու վինգերի դիրքերը։ Այս կարևոր դիրքերն էինք ցանկանում ամրապնդել։

Մտածելով մեր հիմնական նպատակի մասին՝ պետք է անենք առավելագույնը, որ հաղթենք յուրաքանչյուր խաղում, հաղթենք Պրեմիեր լիգայում ու գավաթի խաղարկությունում, քանի որ «Նոան» այժմ ունի նոր հավակնություններ ու նպատակներ ունի: Առաջանության երկրորդ հատվածը մեկնարկում է և այն տարբերվելու է: Մենք պետք է ավելի ուժեղանանք, լինենք կենտրոնացված ու չշեղվենք մեր նպատակներից՝ հաղթել խաղերում և գրավել առաջին տեղը:

Մրցակցելու ենք «Փյունիկի», «Արարատ-Արմենիայի», նաև «Ուրարտուի» և «Ալաշկերտի» հետ: Պետք է խաղանք ամբողջ ուժով՝ 100 տոկոսով մինչև վերջին օրը, որպեսզի նվաճենք բոլոր հնարավոր տիտղոսները։ Դա է մեր նպատակը, ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի, սպորտային տնօրենի և բոլորիս նպատակը։ Սա է մեր ուղերձը: Շատ կարևոր է լինելու երկրպագուների աջակցությունը։ Խաղերի ընթացքում, սոցիալական մեդիայում նրանք պետք է լինեն մեր կողքին, աջակցեն մեր ֆուտբոլիստներին, մեր ակումբին»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Նոան» ուսումնամարզական հավաքի ընթացքում մրցել էր Կատարի Աստղերի լիգան ներկայացնող 5 թիմի, նաև այդ երկրի երկրորդ լիգայի առաջատար «Ալ Շահանիայի» և Ռուսաստանի գործող չեմպիոն «Զենիթի» հետ, 7 խաղում հայկական թիմը տարել էր երեք հաղթանակ, գրանցել չորս ոչ-ոքի, խփել 8 գոլ և բաց թողել 3 գնդակ: Հավաքի ընթացքում թիմի կազմը համալրել էին բրազիլացի պաշտպան Պաբլո Ռենան Դոս Սանթոսը, Սենեգալի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալֆրեդ Նդիայեն և Նոր Զելանդիայի հավաքականի հարձակվող Լոգան Ռոջերսոնը:

Հայաստանի Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո «Նոան» 42 միավորով երկրորդն է և 6 միավոր է զիջում առաջատար «Փյունիկին»։ «Նոան» փետրվարի 22-ին Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի առաջին խաղում Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կընդունի Հայաստանի գործող չեմպիոն «Ուրարտուին», հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին։

Ֆոտո՝ «Նոայի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ