Logo

«Նոայի» անպարտելի խաղերի ռեկորդային շարքը, Մուլահուսեյնովիչի գոլը 1000-րդն էր եվրագավաթներում. «Ունիվերսիտատեա Կրայովա» - «Նոա» հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:26 / 24.10.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Նոան» հյուրընկալվելիս ոչ-ոքի (1-1) խաղաց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ: 2 տուրից հետո Հայաստանի գործող չեմպիոնը Լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում 4 միավորով 10-րդ տեղում է:

FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Նոան» 10-րդ խաղն անցկացրեց՝ գրանցելով 4-րդ ոչ-ոքին: Հայաստանի չեմպիոնը 4 հաղթանակ է տարել, 2 խաղում պարտվել է, խփել է 17 գոլ, բաց է թողել 13 գնդակ:

2. «Նոան» եվրագավաթների մրցաշարերում թիմային նոր ռեկորդ սահմանեց՝ 6-րդ անընդմեջ խաղում մնալով անպարտելի (3-ական հաղթանակ և ոչ-ոքի, «Լինկոլն Ռեդ Իմպս» Ջիբրալթար` 1-1, 0-0, «Օլիմպիա» Սլովենիա` 4-1, 3-2, «Ռիեկա» Խորվաթիա՝ 1-0, «Ունիվերսիտատեա Կրայովա» Ռումինիա՝ 1-1):

Նախորդ լավագույն  ցուցանիշը թիմը գրանցել էր Կոնֆերենցիաների լիգայի 2024/25թթ. խաղարկությունում՝ 5 խաղ մնալով անպարտելի: «Նոայի» այս արդյունքը ռեկորդային է հայկական ակումբների համար եվրագավաթներում: Վերջին պարտությունը եվրագավաթներում «Նոան» կրել է Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում հունգարական «Ֆերենցվարոշից»՝ 3-4:

3. Նախորդ մրցաշրջանի համեմատ «Նոան» ավելի հաջող է սկսել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլը՝ 2 խաղում վաստակելով 4 միավոր: Հիշեցնենք, որ անցյալ տարի «Նոան» մեկնարկային խաղում սեփական դաշտում 2 անպատասխան գնդակ էր ուղարկել չեխական «Մլադա Բոլեսլավի» դարպասը, իսկ 2-րդ տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջել էր ավստրիական «Ռապիդին»:

4. Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում ընդհանուր առմամբ անցկացրած 8 խաղում «Նոան» 2 հաղթանակ է տոնել, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 4 պարտություն, խփել է 8 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 17 գնդակ:

5. «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ կայացած հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում հայկական ակումբների հոբելյանական՝ 20-րդ խաղն էր: Հայաստանի ներկայացուցիչները 4 հաղթանակ են տոնել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 13 պարտություն, խփած և բաց թողած գնդակների տարբերությունը 20-41 է:

6. Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարերում «Նոան» հոբելյանական՝ 20-րդ խաղն անցկացրեց: Հայաստանի չեմպիոնը 10 հաղթանակ է տարել, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի, 7-ում պարտվել է: «Նոան» 34 գոլ է խփել, սեփական դարպասը 31 գնդակ է ընդունել:

7. «Նոան» եվրագավաթների մրցաշարերում առաջին անգամ մրցեց ռումինական թիմի հետ: «Ունիվերսիտատեա Կրայովան» էլ առաջին խաղն անցկացրեց Հայաստանի ներկայացուցչի հետ: Մինչև այդ հայկական և ռումինական 7 ակումբների միջև կայացած 17 հանդիպումներում Հայաստանի ներկայացուցիչները 5 հաղթանակ էին տարել, 3 խաղ ավարտել էին ոչ-ոքի, կրել էին 9 պարտություն, խփել էին 15 գոլ, սեփական դարպասը բաց էին թողել 34 գնդակ:

8. Նարդին Մուլահուսեյնովիչը 2-րդ անընդմեջ խաղում գոլի հեղինակ դարձավ: Եվրագավաթներում նա իր գոլերի հաշիվը բացել էր խորվաթական «Ռիեկայի» հետ կայացած Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի մեկնարկային խաղում:

Մուլահուսեյնովիչի խփած գնդակը դարձավ եվրագավաթների մրցաշարերում հայկական ակումբների մասնակցությամբ անցկացված 369 խաղերում գրանցված հոբելյանական՝ 1000-րդ գոլը: Այդ գոլերից 342-ը խփել են հայկական թիմերը, 658-ը գրանցվել է մրցակիցների օգտին:

9. Հովհաննես Հարությունյանը եվրագավաթներում հոբելյանական՝ 30-րդ խաղն անցկացրեց: 6-ական խաղ նա անցկացրել է Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի մրցաշարերում, 18 անգամ էլ մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումներին:

«Նոայի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից եվրագավաթներում առավել շատ խաղերի է մասնակցել Արտակ Դաշյանը՝ 48:

10. Հելդեր Ֆեռեյրան և Մաթեուս Այասը «Նոայի» ռեկորդակիրներն են եվրագավաթներում թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով՝ 24-ական:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ