Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունեց «Արարատ-Արմենիային» և հաղթեց 2-1 հաշվով:
Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան նիդերլանդցիներ, եզրային հարձակվող Իլիաս Ալհաֆթը և կիսապաշտպան Ջասթին Մեթյուն:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմի կազմում 57-րդ րոպեին խաղի հաշիվը կրճատեց գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան: «Արարատ-Արմենիան» 40-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ էր ստացել կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը:
«Նոան» 77 միավորով կրկին գլխավորեց Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը, մեկ միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկին», 6 միավորով՝ լավագույն եռյակը եզրափակող «Արարատ-Արմենիային»: Առաջնության ավարտին մնաց երկու տուր:
Նախավերջին տուրում՝ մայիսի 21-ին, «Նոան» կհյուրընկալվի «Փյունիկին»:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր
«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 2-1
Իլիաս Ալհաֆթ, 28, Ջասթին Մեթյու, 44 - Մոհամեդ Յատարա, 57
Հեռացում՝ Արմեն Համբարձումյան, 40 («Արարատ-Արմենիա»)


