Logo

«Նոան» շարունակեց հաղթարշավը տնային խաղերում, Կարեն Մուրադյանի տարիքային ռեկորդը. Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:03 / 30.09.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Առաջատար հնգյակում գտնվող թիմերից 4-ը հաղթանակներ տոնելով, ամրապնդեցին իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տարան 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից միակ հաղթանակը տարավ «Նոան»:

Առաջնությունում անցկացված 38 հանդիպումներում դաշտի տերերը 17 հաղթանակ են տարել, 9 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 12 անգամ հաջողության են հասել հյուրերը:

Խփվեց 11 գոլ, որից 5-ի հեղինակները դաշտի տերերն էին: Առաջնության 38 հանդիպումներում 100 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,6 գոլ): Հոբելյանական գոլի հեղինակը բանակային Նարեկ Հովհաննիսյանն է, որն ավելացված ժամանակում դիպուկ իրացնելով 11մ հարվածը, ԲԿՄԱ-ին փրկեց պարտությունից:

2. «Նոան» միայն ավելացված ժամանակում խփած երկու գոլերի շնորհիվ պարտության մատնեց 10 հոգով մնացած «Արարատին»՝ Հայաստանի առաջնությունների տնային հանդիպումներում տանելով 24-րդ անընդմեջ հաղթանակը: Արարատցիների հետ անցկացրած առաջնության վերջին 3 խաղերում էլ «Նոան» հաղթել է՝ մրցակցի դարպասը խփելով 9 անպատասխան գնդակ:

3. «Արարատն» ընթացիկ առաջնությունում 7-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ վերջին երկու խաղերում չգտնելով մրցակիցների դարպասի բանալին: Ավելի անհաջող «Արարատը» մեկնարկել է 2009թ. առաջնությունում՝ մեկնարկում կրելով 13 անընդմեջ պարտություն: Ընդ որում մեկնարկային 7 խաղերում արարատցիները գոլ չէին խփել, իսկ առաջին միավորը վաստակել էին միայն 14-րդ տուրում՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Փյունիկի» հետ:

4. «Շիրակը» Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 900-րդ հանդիպումն  անցկացրեց, ինչը յուրօրինակ ռեկորդ է։ Շիրակցիները 404 հաղթանակ են տարել, 192 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 304 պարտություն, խփել են 1476 գոլ, բաց են թողել 1101 գնդակ։

5. ԲԿՄԱ-ին վերջապես հաջողվեց ընդհատել Հայաստանի առաջնություններում «Արարատ-Արմենիայից» կրած 6 անընդմեջ պարտությունների շարքը՝ ավելացված ժամանակում իրացրած 11մ հարվածի շնորհիվ գրանցելով մարտական ոչ-ոքի (2-2): Նախորդ միավորն «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում ԲԿՄԱ-ն վաստակել էր 2023թ․ սեպտեմբերի 1-ին կայացած խաղում՝ 1-1:

6. Տուրն առատ էր 11մ հարվածներով: Մրցավարները նման 5 հարված նշանակեցին, որից 3-ը՝ ԲԿՄԱ-«Արարատ-Արմենիա» խաղում: Բոլոր հարվածներն էլ դիպուկ իրացվեցին: «Արարատ-Արմենիայից» Խուան Բալանտան 2 անգամ գրավեց ԲԿՄԱ-ի դարպասը: Դիպուկ էին նաև «Նոայի» ֆուտբոլիստ Գոռ Մանվելյանը, բանակային  Նարեկ Հովհաննիսյանն ու ալաշկերտցի Կարեն Նալբանդյանը; Վերջինս երկրորդ անընդմեջ խաղում դիպուկ հարված կատարեց 11մ նշակետից, իսկ ընթացիկ առաջնությունում 3 11մ հարվածներն էլ հասցրել է նպատակին: 

7. Բրունո Միշելն առաջնության վերջին 3 խաղերում դաշտից առանց գոլի չի հեռացել՝ 7 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Ընդ որում նախորդ տուրում նա 4 գոլ էր խփել «Արարատի» դարպասը՝ դառնալով ընթացիկ առաջնությունում գրանցված ֆուտբոլային առաջին պոկերի հեղինակը: Միշելը 8 գնդակով առաջնության գլխավոր ռմբարկուն է:

8. Դավիթ Կիրակոսյանը բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Նա դարձավ ՀՀ առաջնություններում «Վանում» գոլ խփած ամենաերիտասարդ հայ ֆուտբոլիստը՝ «Ալաշկերտի» դարպասը գրավելով 19 տարեկան 78 օրականում:

9. «Արարատ-Արմենիայի» 33-ամյա կիսապաշտպան Կարեն Մուրադյանը Fastex Պրեմիեր լիգայում 324-րդ խաղն անցկացրեց ու գերազանցեց Արտակ Եդիգարյանի տարիքային ռեկորդը։ Վերջինս այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 323 խաղի էր մասնակցել։ 

10. Արթուր Դանիելյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: «Վանը» Դանիելյանի կարիերայում հայկական 6-րդ ակումբն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ