Logo

Նրանք գալիս են՝ նվաճելու աշխարհը. 5 ֆուտբոլիստ, որոնց ուշադիր պետք է հետևել Մունդիալի ընթացքում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
16:57 / 23.11.2022• Աշխարհի առաջնություն
Բացառիկ
null

Յուրաքանչյուր մեծ մրցաշարի ժամանակ լինում են հայտնություններ, նոր տաղանդներ, բացահայտումներ, ընդ որում՝ ոչ միայն երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում: Մի շարք ֆուտբոլիստների մասին մենք տեղեկանում ենք աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների ժամանակ։ Բազմաթիվ խաղացողների համար այսպիսի մրցաշարերը հրաշալի հարթակ են՝ իրենց մասին լսեցնելու և ցույց տալու այն ամենը, ինչը չի երևում ակումբային ելույթների ժամանակ: Շատերի տրանսֆերային արժեքը կրկնապատկվում կամ եռապատկվում է, ոմանք տեղափոխվում են այլ՝ ավելի հզոր ակումբներ:

VNews-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստներին, որոնց, գուցե, չգիտեիք, բայց նրանց խաղին Կատարում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ արժե հետևել ուշադրությամբ:

Ալեքսիս Վեգա - Մեքսիկայի հավաքական

Շատ դժվար է Մեքսիկայի հավաքականից առանձնացնել ինչ-որ ֆուտբոլիստի, հատկապես՝ երիտասարդների ու տաղանդավորների շրջանում: Բանն այն է, որ երկրի ներքին առաջնությունում ֆուտբոլիստները ստանում են բավականին բարձր աշխատավարձ, ինչի պատճառով շատ դեպքերում նրանք չեն տեղափոխվում Եվրոպա, կամ դա անում են ավելի մեծ տարիքում: Կարելի է առանձնացնել մեքսիկացի 5-6 ֆուտբոլիստի, որոնք երիտասարդ են և առաջիկա 1-2 տրանսֆերային պատուհանների ընթացքում կփոխեն ակումբը:

Օրինակ՝ Ֆերնանդո Բելտրանը ուշադրության արժանի ֆուտբոլիստ է. Մեքսիկայում շատերը կարծում են, որ նա երբեմն ավելի լավն է, քան «Այաքսի» կիսապաշտպան Էդսոն Ալվարեսը, բայց Տատա Մարտինոն ինչ-ինչ պատճառներով չհրավիրեց նրան հավաքական: Սանտի Խիմենեսը նույնպես լավն է, բայց հոլանդական «Ֆեյենորդի» ֆուտբոլիստ մենք արդեն ունենք այս ցանկում: Այսպիսով՝ ընտրությունը կանգ է առնում Ալեքսիս Վեգայի վրա:

Ալեքսիս Վեգա

«Գվադալախարայի» հարձակվողն իսկական քաոս է ստեղծում մրցակցի տուգանայինում: Խաղի ընթացքում անհնար է հասկանալ՝ ինչպես և որտեղ է դիրքավորվում այս ֆուտբոլիստը, քանի որ կարող է խաղալ թե՛ ձախ, թե՛ աջ եզրում, թե՛ կենտրոնում: Նա կրակոտ խաղով շրջանցում է ֆուտբոլիստների, հնարքներ է կիրառում, հեռվից է հարվածում: Վեգան թիմում ամենաամրակազմը չէ, բայց ինչ-որ կերպ միշտ փակում է գնդակն ու այն խլելը չափազանց դժվար է: Եթե նա մեկնարկային կազմում հայտնվի Իրվինգ Լոսանոյի ու Ռաուլ Խիմենեսի կողքին, ապա Մեքսիկայի հավաքականի խաղերը դիտելը բառի դրական իմաստով իսկական զվարճանք կլինի: 

Մրցաշրջանի ավարտից հետո Ալեքսիս Վեգան պատրաստվում է հեռանալ «Գվադալախարայից». աշխարհի առաջնությունում լավ ելույթը հրաշալի գովազդ կարող է լինել նրա համար՝ նոր ակումբ տեղափոխվելուն ընդառաջ:

Սեբաստիան Շիմանսկի - Լեհաստանի հավաքական

Ահա եկավ «Ֆեյենորդի» ֆուտբոլիստի ժամանակը: Շատ առումներով Շիմանսկին նման է Խվիչա Կվարացխելիային: Նա ամռանը հեռացավ Ռուսաստանից՝ «Էրեդեվիզիեում» ուժերը փորձելու համար, և նրա այս որոշումը շատ լավ աշխատեց, ինչպես՝ վրացի կիսապաշտպանի դեպքում: Նրանց խաղամակարդակով համեմատելը դժվար է, բայց խաղաժամանակի ու թիմի խաղի վրա ազդեցության առումով Շիմանսկին հաստատ չի զիջում Խվիչային:

Խաղադաշտում Շիմանսկիի լավագույն տեղը 10 համարի դիրքն է, բայց նա կարող է գործել եզրերում, ինչպես նաև խորքից՝ որպես լիարժեք կենտրոնական կիսապաշտպան: Լեհ ֆուտբոլիստը փայլուն ձախ ոտք ունի, ինչպես նաև փոխանցումների տպավորիչ որակ: Մենապայքարներում Շիմանսկին շատ լավն է ու այս որակը նրան շատ է օգնում նաև պաշտպանվելու հարցում:

Շիմանսկի

Լեհաստանի հավաքականի մարզիչ Չեսլավ Միխնևիչը սիրում է ընտրել 3 կենտրոնական պաշտպանով սխեման, և այստեղ էլ 23-ամյա ֆուտբոլիստն իրեն լավ է զգում: Ռոբերտ Լևանդովսկու թիկունքում կարող է գործել 3 ֆուտբոլիստ, որոնցից մեկը հաճախ միանում է «Բարսելոնայի» գոլահարին հարձակման գծում, և այդ խաղացողը հաճախ հենց Շիմանսկին է: 

Շիմանսկին վարձավճարով է խաղում «Ֆեյենորդում». նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Դինամոյին»: Աշխարհի առաջնության ժամանակ լեհ ֆուտբոլիստը կարող է վերջնականապես «ձևակերպել» իր տրանսֆերը հոլանդական ակումբ:

Անդրեաս Սկով Օլսեն - Դանիայի հավաքական

Անդրեաս Սկով Օլսենն առաջիկա առաջնության ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է: Այժմ նա խաղում է բելգիական «Բրյուգեում», բայց շատերը տարիներ առաջ կանխատեսում էին, որ այս ժամանակահատվածում 22-ամյա ֆուտբոլիստն արդեն պետք է խաղար ավելի բարձր մակարդակի ակումբում/առաջնությունում:

Օլսենը «Նորշելանի» ակադեմիայի սան է: 2019-ին նա տեղափոխվեց իտալական «Բոլոնիա», ինչը խելացի քայլ էր համարվում նրա կողմից՝ հաշվի առնելով, որ թռիչքը կտրուկ չէր և տեղափոխությունը չէր խանգարի նրա զարգացմանը: Բայց «Բոլոնիան» լավ ժամանակներ չէր ապրում, և այս տեղափոխությունն Օլսենի համար առաջընթացից վերածվեց հետընթացի, ու դանիացին միացավ «Բրյուգեին»: Այս որոշումն արդեն ամբողջովին արդարացվեց: Նոր գլխավոր մարզիչ Կառլ Հոֆկինսը սկսեց կիրառել լատերալներով սխեման՝ աջ եզրում օգտագործելով Օլսենին, և դանիացին պարզապես փայլեց՝ պատռելով մրցակցի պաշտպանությունը, ազատ տարածություններ գտնելով մրցակցի միջին գծի ու թիկունքի միջև, արդյունավետ գործելով հարձակման գծում:

Դանիայի հավաքականում նա արդեն գործելու է աջ եզրային հարձակվողի դիրքում: Միկել Դամսգորի հետ նրանք մեծ ուժ են հաղորդելու դանիացիների հարձակման գծին: Բաց չթողնե՛ք:

Միկել Դամսգոր

Մանուել Ուգարտե - Ուրուգվայի հավաքական

Ուգարտեն, հնարավոր է, չհայտնվի մեկնարկային կազմում, բայց միանգամայն արժանի է խաղաժամանակի՝ հաշվի առնելով մարզավիճակն ու ցույց տված խաղը: Գուցե նա դառնա ուրուգվայցիների ջոկերը երկրորդ խաղակեսերում:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում Ուգարտեն նորամուտը նշել է ընդամենը 15 տարեկանում՝ «Ֆենիքս» ակումբում, ինչից հետո նրան նկատեցին պորտուգալական «Ֆամալիկաոյից»: Այսպիսով՝ կիսապաշտպանը կարողացավ ավելի հեշտ հարմարվել եվրոպական ֆուտբոլին և հաջորդ քայլը կատարեց արդեն 2021-ի օգոստոսին՝ տեղափոխվելով Լիսաբոնի «Սպորտինգ»: Սկզբում նա Ժոաո Պալինյայի պահեստայինն էր, բայց Ուգարտեի ելույթներն այնքան տպավորիչ էին, որ պորտուգալական թիմը հանգիստ բաց թողեց Պալինյային «Ֆուլհեմ»: 

Ուգարտեն կիսապաշտպանության միջին գծում քայլող «տեռոր» է ու շատ է սիրում սահանկումներ կատարել: Այս տարի Չեմպիոնների լիգայում որևէ այլ ֆուտբոլիստ ավելի շատ սահանկում չի կատարել, քան Ուգարտեն (միջինը 4.8 սահանկում մեկ խաղում): Գնդակով էլ Ուգարտեն բավականին լավն է, կարողանում է խորքից հրաշալի կերպով գնդակներ մատակարարել հարձակման գծի ֆուտբոլիստներին: 

Ինչ վերաբերում է նրա՝ մրցաշարից հետո հավանական տրանսֆերին, ապա այն գուցե տեղի ունենա ամռանը: «Սպորտինգը» հաջող չի մեկնարկել այս մրցաշրջանում, և հունվարին դժվար թե բաց թողնի իր առանցքային ֆուտբոլիստներից մեկին: ՊՍԺ-ն ու «Լիվերպուլն» այն թիմերն են, որոնք ամենաշատն են հետաքրքրություն ցուցաբերում ուրուգվայցու նկատմամբ: 

Ուգարտե

Լովրո Մայեր - Խորվաթիայի հավաքական

Հասանք մեր ցանկի գուցե ամենատարեց, բայց լավագույն ֆուտբոլիստին: Լովրո Մայերը ֆրանսիական «Ռենի» կազմում նախորդ 2 մրցաշրջաններում լավագույն կիսապաշտպանն է եղել ու դասվում է «լավագույն չճանաչված ֆուտբոլիստների» շարքին: Մայերը 24 տարեկան է և դեռ նոր պետք է հասնի իր խաղային գագաթնակետին:

Էլեգանտ, տպավորիչ ու գեղեցիկ խաղ ցուցադրող ֆուտբոլիստի ելույթներին հետևելն անչափ հաճելի է: Տեխնիկական զինանոցով հարուստ խորվաթ ֆուտբոլիստը կարողանում է թելադրել խաղի տեմպը, մտնում է մրցակցի պաշտպանական շերտերի միջև ու տակնուվրա անում այն: Մայերն այն խաղացողներից է, որն իր մեջ կրում է ֆուտբոլ բառը և առաջիկա տարիներին «դատապարտված» է խաղալ թոփ թիմերից որևէ մեկում:

Չնայած այս ամենին՝ Մայերի տեղը Խորվաթիայի հավաքականի մեկնարկային կազմում երաշխավորված չէ՝ հաշվի առնելով այս թիմի որակական հագեցվածությունը կենտրոնում: Դալիչի 4-3-3 մարտավարությունում իրենց տեղն ունեն Մարցելո Բրոզովիչը, Լուկա Մոդրիչն ու Մատեո Կովաչիչը, բայց Մայերը կարող է հրաշալի թարմացում/ուժեղացում լինել այս եռյակին, իսկ եթե խաղի ժամանակ լինի սխեմայի փոփոխություն, ապա «Ռենի» կիսապաշտպանի մուտքը մեկնարկային կազմ համար մեկ լուծումն է:

Լովրո Մայեր

Կարդացեք նաև

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ