Վիճակագրությունը ժամանակի հետ ֆուտբոլում ավելի մեծ տեղ է զբաղեցնում: Բայց, ինչպես այլ գործոններ այս մարզաձևում, վիճակագրությունը նույնպես էվոլյուցիա է ապրում: Այժմ վերլուծություններ կատարելու համար գոլերը, գոլային փոխանցումներն ու սեյվերը բավարար չեն. թիմերի կամ ֆուտբոլիստների մասին ավելի ընդհանրական պատկերացում կազմելու համար կան նաև այլ վիճակագրական տվյալներ:
2012-ին հանրահայտ Opta վիճակագրական ծառայության անգլիացի վիճակագիր Սեմ Գրինը ֆուտբոլային բառապաշար ներմուծեց xG տերմինը: Վերջին տարիներին շատ հաճախ ենք հանդիպում նորարարական, ինչ-որ տեղ նաև հեղափոխական այս տերմինին. մամուլում, հոդվածներում, ֆուտբոլային եթերների ընթացքում, ֆուտբոլիստների ու մարզիչների շուրթերից: Հանրահայտ Sky Sports-ը և BBC-ն իրենց ծրագրերում օգտագործում են xG-ն, մի շարք թոփ մարզիչներ, այդ թվում՝ Յուրգեն Կլոպը, իր վերլուծությունները կատարում է xG-ի օգնությամբ, շատ մասնագետներ կանխատեսումներ անում են՝ հիմնվելով այս վիճակագրության վրա:
Բայց ի՞նչ է xG-ն, ո՞րն է դրա կիրառման նպատակը, ինչպե՞ս են այն հաշվարկում: Այս հարցերի պատասխանները կգրտնեք VNews-ի հոդվածում։
Ինչ է xG-ն (expected goals)
XG-ն անգլերենից թարգմանաբար նշանակում է սպասված գոլեր: Վիճակագրական այս համակարգը փորձում է նվազեցնել պատահականության գործոնն ուժերի դասավորությունը որոշելու հարցում: Այն վերլուծում է գոլային պահերի որակն ու գոլի հավանականությունը կոնկրետ ժամանակահատվածում (օրինակ՝ խաղ, ամիս, մրցաշրջան): Ընդ որում՝ այս վիճակագրությունը վերաբերում է թե՛ թիմերին, թե՛ ֆուտբոլիստներին: Այս համակարգի շնորհիվ պարզ է դառնում՝ որքանով էր իրական տվյալ գոլային պահը. պարտավո՞ր էր հարձակվողը գրավել դարպասը, թե՝ ոչ: Պարտավո՞ր էր x թիմը հաղթել մրցակցին՝ ունենալով այդքան իրական գոլային պահեր, թե՞ կատարված հարվածները պարզապես թվեր են՝ առանց իրական վտանգի:
Ինչպես է հաշվարկվում xG-ն
Սպասված գոլերի գնահատականը տրվում է 0-ից 1-ի սանդղակում. որքան ցածր է այդ թիվը, այդքան գոլի հավանականությունը քիչ է: Եթե ֆուտբոլիստի xG-ն 0.2 է, ապա նրա՝ գոլ խփելու հավանականությունը 20 տոկոս է, իսկ եթե 0.99, ապա՝ 99 տոկոս:
Սպասված գոլերը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ գործնները՝
- Հարվածի պահին ֆուտբոլիստի հեռավորությունը դարպասից
- Հարվածի անկյունը
- Խաղային իրավիճակը (դիրքային գրոհ, հակագրոհ, անկյունային, տուգանային և այլն)
- Մարմնի որ հատվածով է հարվածում ֆուտբոլիստը՝ գլխով, թե ոտքով
- Մրցակիցների քանակը հարվածող ֆուտբոլիստի առջև
Եթե ֆուտբոլիստի հարվածային դիրքը մոտ է դարպասին, կենտրոնում է, այլ ոչ՝ սուր անկյան տակ, նրան հսկող մրցակիցներ էլ չկան, ապա այդ իրավիճակում xG-ն ավելի բարձր է: Կան նաև կոնկրետ իրավիճակներ, որոնք այլ օրինաչափություններով են հաշվարկվում, օրինակ՝ ստանդարտի իրացումների դեպքում, իսկ 11-մետրանոց հարվածների xG-ն միշտ 0.79 է:
Եթե ֆուտբոլիստը գերազանցում է իր xG-ն, այլ կերպ ասած՝ ավելի շատ գոլ է խփում, քան նրա xG-ն է, ապա այդ ֆուտբոլիստի՝ պահերն իրացնելու ունակությունը շատ բարձր է, քանի որ կարողացել է գոլեր խփել նաև բարդ իրավիճակներում: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի xG-ն 1 խաղի կտրվածքով կազմում 0.87, բայց նա իր անցկացրած խաղերի քանակից (24) ավելի շատ գոլ է խփել (27):
Ու, բնականաբար, նաև հակառակը. եթե ֆուտբոլիստն իր xG-ից ավելի քիչ գոլեր է խփում, ապա անարդյունավետ է եզրափակում գրոհները կամ բախտը նրան չի ժպտում: Եվրոպական թոփ 5 առաջնություններում 1 խաղի հաշվարկով ամենաբարձր xG-ն ունի Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման՝ 0.97, բայց նա Լա լիգայում անցկացրած 14 խաղում խփել է 11 գոլ:
Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը կիսեցին Մոհամեդ Սալահն ու Յոն Մին Սոնը՝ խփելով 23-ական գոլ, բայց Սալահի xG-ն 23,07 էր, Սոնինը՝ 13,95:
2019/20 մրցաշրջանում Գաբրիել Ժեզուսն ու Հաքան Չալհանօղլուն նույնքան հարված էին կատարել (100), բայց բրազիլացի հարձակվողը խփել էր 14 գոլ, իսկ թուրք կիսապաշտպանը՝ 8: Այս ամենը բացատրվում էր հենց Ժեզուսի ունեցած ավելի որակյալ պահերով, այլ կերպ ասած՝ ավելի բարձր xG-ով (17), մինչդեռ Չալհանօղլուն իր հարվածները կատարել էր ավելի անհարմար դիրքերից, ու նրա սպասված գոլերի ցուցանիշն անհամեմատ ցածր էր (7):
Ժեզուսի xG-ն
Չալհանօղլուի xG-ն
Լավագույն թիմերը նույնպես ունեն շատ բարձր xG, ու կարողանում են գերազանցել իրենց սպասվող գոլերի ցուցանիշը: Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին», որպես կանոն, խաղում է տարածքային ու գնդակի վերահսկողության մեծ առավելությամբ, ունի մի քանի կրեատիվ կիսապաշտպաններ ու ստեղծում բազմաթիվ գոլային պահեր: 2021/22 մրցաշրջանում «Սիթիի» xG-ն 0.91 էր, իսկ խփած գոլերի թիվը՝ 99:
Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» հաջողության հասավ 80 գոլ-0.8 xG ցուցանիշով՝ գրանցելով հրաշալի արդյունավետություն, դե իսկ «Ռեալ Սոսյեդադը» խփեց 56 գոլ 0.4 xG-ի դեպքում, այսինքն՝ 16 գոլ ավելի շատ, քան նրանցից սպասում էին:
Որ դեպքում է «ստում» xG-ն
Իհարկե՝ միշտ չէ, որ նայելով xG-ին, կարող ենք հասկանալ, թե ով է գերիշխել դաշտում, որ թիմն է գերազանցել մյուսին:
Օրինակ՝ եթե պայմանական «Բավարիան» խաղի առաջին 10 րոպեների ընթացքում 3 գոլ է խփել ու բավարարվել է ձեռք բերածով, իսկ նրա մրցակից «Բորուսիան» խաղի մնացած հատվածում ստիպված է առաջ նետվել, բնականաբար, շատ դեպքերում կունենա ավելի բարձր xG: Ինչպես մնացած բոլոր վիճակագրական տվյալները, այնպես էլ սպասված գոլերը պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում և հաշվի առնել տվյալ իրավիճակը:
Այդուհանդերձ՝ xG-ն հիմնականում արտացոլում է թիմերի ու ֆուտբոլիստների արդյունավետությունը, հստակ ցույց տալիս՝ որքանով էր գոլային պահն իրական: Այնպես որ, մինչև սիրելի ֆուտբոլիստի վրա զայրանալը՝ պահը չօգտագործելու համար, մի պահ գնահատեք` որքան էր սպասելի այդ գոլը տվյալ իրավիճակում ու հասկացեք՝ հաստա՞տ դա գոլ խփելու ոսկե հնարավորություն էր, թե՝ ոչ...