Ֆրանսիայի հավաքականի կազմում 2000թ․ Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան մտադիր է ֆուտբոլի ակադեմիա հիմնել Հայաստանում։
Ֆրանսիացի անվանի հարձակվողը ժամանել է Հայաստան և հունվարի 17-ին եղել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայում։ Ֆրանսիական ՊՍԺ-ի դեսպանը հանդիպել է պատանի ֆուտբոլիստների հետ ու պատմել Հայաստանի հետ կապված ծրագրերի մասին։
«Նախորդ անգամ Հայաստանում եղել եմ 24 տարի առաջ: Եկել ենք մեծ ծրագրով և նպատակ ունենք ֆուտբոլի ակադեմիա հիմնել այստեղ։ Գիտեմ, որ ֆուտբոլային մեծ ներուժ կա ձեր երկրում։ Տեսնում եմ ակադեմիա բացելու մեծ հնարավորություն: Նաև մտադիր ենք տեքստիլ արտադրություն հիմնել Հայաստանում, այն կծառայի ֆուտբոլով զբաղվող երեխաների համար։ Տեսնում եմ նկատելի հեռանկարներ, Հայաստանում կան լավ երեխաներ, որոնց կարող ենք օգնել որակյալ ֆուտբոլիստ լինել ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական ակումբներում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Նիկոլա Անելկան։
Հիշեցնենք, որ Նիկոլյա Անելկան Հայաստանում է հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով։ Ակումբային կարիերայի ընթացքում հարձակվողը խաղացել է ՊՍԺ-ում, «Արսենալում», «Ռեալում», «Լիվերպուլում», «Մանչեսթեր Սիթիում», «Չելսիում», «Յուվենտուսում» ու այլ թիմերում: Ֆրանսիայի հավաքականի կազմում նա 1998-2010-ին անցկացրել է 69 խաղ ու խփել 14 գոլ։