Logo

Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ են հղել Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ

15:52 / 06.09.2023Մարմնամարզություն
null

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ:

«Խոր կսկիծով ընդունեցի հայկական սպորտի ականավոր ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան լուրը:

Ազարյանի ներդրումն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլ նաև սպորտի համաշխարհային մակարդակում։ Նվաճումներ, որոնք բացառիկ են մարմնամարզության պատմության մեջ, այդ թվում՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը, որը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»:

Մարդ-լեգենդ, ով ոգեշնչող օրինակ ու ուսուցիչ է եղել բոլոր մարզիկների համար։ Ալբերտ Ազարյանը հայկական սպորտի փառքն ու հպարտությունը կազմող անհատներից էր, ում նվաճումներն ու մարմնամարզության զարգացման գործում ներդրած ավանդն անգնահատելի է:

Իմ ցավակցություններն եմ հայտնում պարոն Ազարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, հայկական սպորտի բոլոր ներկայացուցիչներին անվանի մարզիկի մահվան կապակցությամբ:

Հավերժ փառք Ձեզ, սիրելի լեգենդ»,- ասված է ուղերձում:

Ցավակցական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը․

«Ցավով տեղեկացա լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան մասին:

Անուրանալի և անգնահատելի է Ազարյանի վաստակը հայկական մարմնամարզության զարգացման գործում: Նրա մարզական կենսագրությունը ոգևորել է բազմաթիվ սերունդների և ուղենիշ դարձել երիտասարդ մարզիկների համար, ովքեր այսօր էլ, Ալբերտ Ազարյանի օրինակով, շարունակում են նորանոր բարձունքներ ու մեդալներ նվաճել:

Ալբերտ Ազարյանի անունն իր ուրույն տեղն ունի հայկական և համաշխարհային սպորտի օլիմպիական երկնակամարում:

Խորապես ցավակցում եմ Ալբերտ Ազարյանի ընտանիքին ու հարազատներին»,- ասվում է ուղերձում։

Նիկոլ Փաշինյանի հրամանով Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:

Սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը կյանքից հեռացել էր 94 տարեկանում։

20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում՝ արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Նա նաև ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն է։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։

Դեկտեմբերին Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում տեղադրվել էր լեգենդար մարզիկի կիսանդրին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա