Այս գիշեր մեկնարկում է Հոկեյի ազգային լիգայի (NHL) 2023/24 մրցաշրջանը, որը խոստանում է առանձնանալ ռեկորդների տպավորիչ չափաբաժնով։
- «Պիտսբուրգի» լեգենդ Սիդնի Քրոսբին 89 արդյունավետ գործողությամբ աչքի ընկնելու դեպքում միավորների քանակը կհասցնի 1591-ի, կշրջանցի Ֆիլ Էսպոզիտոյին և կմտնի բոլոր ժամանակների ամենաարդյունավետ հոկեյիստների տասնյակ։ 36-ամյա կանադացի հարձակվողը 48 գոլային փոխանցում կատարելու դեպքում կհատի 1000 ասիստի շեմը։
- «Պիտսբուրգի» մեկ այլ լեգենդ Եվգենի Մալկինը 29 տափօղակ նետելու դեպքում կարիերայում գոլերի քանակը կհասցնի 500-ի։
- «Էդմոնտոնի» ավագ Քոնոր Մքդևիդը կարիերայում վաստակել է 850 միավոր։ Կանադացի հարձակվողը կարող է դառնալ պամության 99-րդ հոկեյիստը, որը հատում է 1000 միավորի սահմանը։ Նախորդ 7 մրցաշրջաններից յուրաքանչյուրում Մքդևիդը վաստակել է 100-ից ավելի միավոր, իսկ 2022/23 մրցաշրջանում՝ ռեկորդային 173 միավոր։
- Թվային առավելությամբ (Power play) ևս երկու տափօղակ նետելու դեպքում գերմանացի Լեոն Դրայզատյլը կդառնա «Էդմոնտոնի» պատմության ամենաշատ նմանատիպ գոլի հեղինակը (127):
- «Տորոնտոյի» լավագույն դիպուկահար Օսթոն Մեթյուսին մեկ տափօղակ է բաժանում կարիերայի 300-րդ գոլից։
- «Վաշինգտոնի» ռուս լեգենդար հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը 15 միավոր վաստակելու դեպքում իր անվան դիմաց կունենա 1500 միավոր։ Նախկինում այդքան միավորի սահմանը հատել են 15 հոկեյիստներ։ Բոլոր ժամանակների լավագույն դիպուկահար Ուեյն Գրեցկիին հասնելու համար Օվեչկինը պետք է նետի ևս 73 տափօղակ։
- Օվեչկինը կարող է ռեկորդային 9-րդ անգամ մեկ մրցաշրջանում հատել 50 գոլի սահմանը և ռեկորդային 17-րդ անգամ՝ 30 գոլի սահմանը։
- «Լոս Անջելես Քինգզի» ավագ Անժե Կոպիտարը ևս 5 խաղի մասնակցելու դեպքում կդառնա ակումբի պատմության ամենաշատ խաղ անցկացրած հոկեյիստը։
- «Տամպա Բեյի» ավագ Սթիվեն Սթեմկոսին 48 ասիստ է պետք ակումբի բոլոր ժամանակների ամենաշատ գոլային փոխանցում կատարած հոկեյիստը դառնալու համար (588)։
- «Մինեսոտայի» դարպասապահ Մարկ-Անդրե Ֆլյորին կարիերայի 1000-րդ խաղից 15 հանդիպման հեռավորության վրա է։ 38-ամյա Ֆլյորիին 7 հաղթանակ է անհրաժեշտ Պատրիկ Ռուային շրջանցելու և բոլոր ժամանակների ամենաշատ հաղթանակ տարած դարպասապահը դառնալու համար (551)։ Կանադացին կարիերայի ընթացքում 73 անգամ դարպասն անառիկ է պահել, ևս 4 «շաթաութ» և նա կմտնի լավագույն տասնյակ։
- Դարպասապահներ Ֆրեդերիկ Անդերսենն (282) ու Սեմյոն Վարլամովը (272) կարող են հատել 300 հաղթանակի սահմանը։