Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացնող ամերիկյան «Կոլորադո Էվելանշի» պաշտպան Քեյլ Մակարը հայտնել է, որ նոր մրցաշրջանում թիմը պայքարելու է Սթենլիի գավաթի համար։
«Ես զգում եմ, որ մենք լավ համալրումներ ենք ունեցել և ունակ ենք Սթենլիի գավաթը կրկին նվաճել: Տղաները, որոնք տեղափոխվել են թիմ, շատ աշխատասեր են և այս մրցաշրջանում իրենց ներդրումն են ունենալու յուրաքանչյուր խաղում: Կարծում եմ, որ մեր ղեկավարությունը հիանալի աշխատանք է կատարել»,- կանադացի հոկեյիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Կոլորադո Էվելանշի» անմիջական մրցակիցներից «Պիտսբուրգն» էլ շարունակում է տարբերակներ փնտրել թիմի ավագ և առաջատար Սիդնի Քրոսբիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար: Pittsburgh Hockey Now-ը գրում է, որ Փենսիլվանյան ներկայացնող ակումբը 36-ամյա Քրոսբիին առաջարկել է նոր պայմանագիր, որով կանադացի հոկեյիստը կարող է կարիերան ավարտել թիմում:
Ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը վերադարձել է մարզումներին և պատրաստվում է նոր մրցաշրջանին, գրել է թիմի պաշտոնական կայքը:
«Ամեն անգամ, երբ սկսում եմ մարզվել, հատկապես լավ արձակուրդից հետո, մտածում եմ՝ արժե՞ր վերադառնալ: Իհարկե, տարիքն ազդում է: Ես ուզում եմ արթնանալ, գնալ ինչ-որ տեղ նստելու, նախաճաշի համար գարեջուր բացել: Ես ուզում եմ ապրել մարդկանց նման, բայց նոր մրցաշրջանում իմ նպատակները չեն փոխվում՝ ուզում եմ հաղթել», - ասել է Օվեչկինը:
Հիշեցնենք, որ NHL-ի նոր մրցաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին: