Logo

«Դատապարտված» է հաջողության. Հոկեյի ապագան նրանց ձեռքում է

Հեղինակ
Արմեն Մանուկյան
16:54 / 11.04.2024Հոկեյ
Բացառիկ
null

Հոկեյի ազգային լիգայում երբեք տաղանդների ու մեծ անուն հանած երիտասարդների պակաս չի եղել: Նրանք հայտնվել են, անսպասելի կերպով փայլել, հետո խամրել ու մոլորակի լավագույն լիգայից կտրուկ գահավիժելով՝ հայտնվել մարզաձևի նկուղային հարկերում: NHL-ում առաջ գնալու համար տաղանդը, վարպետությունն ու ֆիզիական ուժը բավարար չեն: Այստեղ հաղթող են դառնում նրանք, ովքեր վերոհիշյալ 3 բաղադրիչից զատ առաջին հերթին ուժեղ են հոգեբանորեն, պատրաստ են մահացու մրցակցության, կարողանում են առօրյա երջանիկ կյանքի անբաժան մասը դարձնել կարգապահությունը և ամենավերջում չեն վարակվում աստղային հիվանդությամբ:

VNews-ն առանձնացրել է 5 երիտասարդ գերաստղի, որոնք սառույցի վրա աշխարհի ամենաբարդ սպորտաձևերից մեկը վերածում են արվեստի և առաջիկայում հենց նրանք են լիգայում նոր տենդենցներ թելադրելու:

Թրեյվոր Զեգրաս

«Անահայմ Դաքսի» 22-ամյա հոկեյիստն առաջին օղակի անվիճելի կենտրոնական է: Զեգրասը ծնվել է Նյու Յորքում, բայց արմատներով կապված է Հունաստանի հետ: 2019 թվականին «Անահայմը» դրաֆթի 9-րդ համարով ընտրեց Զեգրասին: «Բադիկների» կազմում առաջին մրցաշրջանում Թրեյվորն ընդամենը 24 խաղի մասնակցեց, բայց անգամ քիչ խաղաժամանակ ստանալով՝ ակնհայտորեն ցույց էր տալիս, որ վերակառուցման փուլով անցնող թիմն ապագայի համար լուրջ հոկեյիստի է ընտրել: Զեգրասի կարիերայում արմատական փոփոխություն մտցրեց 2021 թվականի հոկեյի երիտասարդական աշխարհի առաջնությունը: ԱՄՆ-ի թիմը եզրափակիչում 2-0 հաշվով առավելության հասավ Կանադայի նկատմամբ, իսկ Զեգրասը վճռորոշ հրաշալի հոկեյ ցուցադրեց: Մրցաշարից հետո լրատվամիջոցների կողմից նա արժանացավ MVP-ի կոչմանը և, վերադառնալով «Անահայմ», հաջորդ մրցաշրջանին արդեն այլ որակներով մոտեցավ:

2021-2022 մրցաշրջանում «Անահայմը» շարունակում էր լիգայի վերջին տեղերում թափառել, բայց Զեգրասն ուղղակի անկասելի էր՝ 75 խաղ և վաստակած 61 միավոր: Հաջորդ մրցաշրջանում ևս կալիֆորնիական ակումբում պատկերը չփոխվեց, թիմը տապալվում էր, իսկ Զեգրասը պահպանում խաղամակարդակը: 2023-2024 մրցաշրջանում Թրեյվորին հանգիստ չեն տալիս վնասվածքները: Մրցաշրջանի մեկնարկը բաց թողնելուց հետո «Անահայմի» առաջատարը վերադարձավ ու մի քանի խաղի մասնակցելով՝ կրկին հիմնավորեց, որ անգամ երկար բացակայությունը չի ազդում նրա մարզավիճակի վրա: «Սիեթլ Կրակենի» հետ մրցավեճում Զեգրասի լակրոսը հավակնում է դառնալ մրցաշարջանի ամենագեղեցիկ տափօղակը: Այս մրցաշրջանում ևս «Անահայմից» սպասելիքները մեծ չէին, բայց աստիճանաբար հզորացող թիմն առաջիկա տարիներին Սթենլիի գավաթի ֆավորիտներից մեկն է դառնալու, իսկ Նյու Յորքից եկած ադամանդը՝ թիմի գլխավոր աստղը:

Մեթի Բիներս

2021-2022 մրցաշրջանում Հոկեյի ազգային լիգայում նորեկ թիմ կար: Ի տարբերություն «Վեգաս Գոլդեն Նայթսի», որն իր առաջին խաղաշրջանում հասավ Սթենլիի գավաթի եզրափակիչ ու նախորդ մրցաշրջանում էլ դարձավ Սթենլիի գավաթակիր, «Կրակենի» զարգացումն ավելի դանդաղ է: Լիգայի նորեկն առաջին մրցաշրջանի համար շատ փորձառու և հեռանկարային հոկեյիստներով թիմ հավաքեց: Մեծ ճանապարհ անցած հոկեյիստների կողքին 2021 թվականի դրաֆթի երկրորդ համարով «Սիեթլն» ընտրեց կենտրոնական Մեթի Բիներսին, որը հիմա ընդամենը 21 տարեկան է և թիմի ամենաերիտասարդ խաղացողը: Ամերիկացի հոկեյիստն էլ, ինչպես Թրեյվոր Զիգրասը 2021թ․ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն է:

2022-2023 մրցաշրջանը Մեթիի համար կարիերայի առաջին լուրջ խաղափուլը դարձավ: Նա «Կրակենի» հետ հասավ մինչև Սթենլիի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ համառ պայքարում ճանապարհը զիջեց «Դալաս Սթարզին»: «Աստեղերը» միայն վերջին խաղում կարողացան կոտրել Բիներսի թիմի դիմադրությունը: Բիներսի համար մրցաշրջանն այնքան արգասաբեր էր, որ 2023 թվականի Բոլոր աստղերի խաղին հենց նա էր ներկայացում լիգայի ամենաերիտասարդ թիմին: «Սիեթլի» համար բարդ դասավորված մրցաշրջանում Մեթին մասնակցեց 94 խաղի և վաստակեց 64 միավոր: Լիգայի ամենախոստումնալից հոկեյիստներից մեկի կարիերան նոր է սկսվել: Եթե հաշվի առնենք, որ «Կրակենի» կազմավորումից հետո թիմի կազմը գնալով ավելի է համալրվում աստղային հոկեյիստներով ու թիմի նպատակներն ավելի են մեծանում, այս ամենում կայուն է մի բան՝ Մեթի Բիներսի կարևորությունն ակումբում չի փոխվել և երիտասարդ հոկեյիստը շարունակում է մնալ «Կրակենի» ամենակարևոր հարվածային ուժերից մեկն ու այն անձը, որի շուրջ չեմպիոնական թիմ է կառուցվում:

Ջեք Հյուզ

«Նյու Ջերսի Դևիլսի» վերջին չեմպիոնությունից 2 տասնամյակից ավելի է անցել: Թիմը, երկար տարիներ լինելով լիգայի դոմինանտ ուժերից մեկը, ստիպված էր վերակառուցման ճանապարհ անցնել՝ երբեմնի փառքին վերադառնալու համար: Սովորաբար հոկեյում ակումբների ռենեսանսն ավելի կարճ է տևում, քան դա եղավ «Դևիլիսի» հետ, բայց «Սատանաները» վարադարձել են ու այնպիսի կազմ են հավաքել, որից արդեն երկրորդ մրցաշրջան է, ինչ չեմպիոնություն են սպասում: 2019 թվականին «Նյու Ջերսին» դրաֆթի առաջին համարով ընտրության հնարավորություն ուներ և թիմ բերեց Ջեք Հյուզին: Հյուզերի ընտանիքում 3 որդիներն էլ հոկեյիստ են․ խոսում ենք ոչ թե շարքային հոկեսիտների մասին, այլ մարզիկների, որոնք սառույցի սպորտում առաջին մեծության աստղեր են՝ Քուինը՝ «Վանկուվերում», Լյուկն ու Ջեքը՝ «Դևիլսում»:

Ջեք Հյուզը «Նյու Ջերսի Դևիլսի» առաջին օղակի կենտրոնական է: Հյուզի կուռքը Պատրիկ Քեյնն է, և նրա հետքերով գնալով Ջեքը կարող է գրել պատմություն, որով գուցե լեգենդար ամերիկացուն նաև չզիջի: Դրաֆթում ընտրվելուց հետո, Ջեք Հյուզն անմիջապես դարձավ «Նյու Ջերսիի» գլխավոր հարվածային ուժերից մեկը: «Սատանաների» հետ Հյուզի առաջին երկու մրցաշրջաններն ուղակի դժոխային էին: «Նյու Ջերսին» պարտվում էր բոլոր հնարավոր և անհնարին մրցակիցներին, իսկ թիմի երկրպագուների միակ սփոփանքն այն էր, որ աստիճանաբար գալիս է սերունդ, որին մի քանի փորձառու հոկեյիստ ավելացնելով՝ թիմն արագորեն չեմպիոնական կդառնա: «Դևիլսն» առաջին անգամ կենդանության նշաններ ցույց տվեց 2022-2023 մրցաշրջանում, երբ առաջին խաղերից արդեն պարզ դարձավ, որ եկել է ֆավորիտ լինելու ժամանակը: Մեկ տարի առաջ 56 միավորով մրցաշրջան ավարտած Ջեքը ֆավորիտային տարում արդեն 116 միավոր կարողացավ գրանցել: «Նյու Ջերսին» հասավ քառորդ եզրափակիչ և պարտվեց անհամամատ ավելի փորձառու «Կարոլինային»: Հյուզի կարիերայում առաջընթացը շարունակվում է, իսկ թե որն է նրա առավելագույնը, դեռ պարզ չէ:

Սեթ Ջարվիս

2005 թվականին «Կարոլինայի» չեմպիոնական թիմի հիմքերից մեկը Ռոդ Բրենդամորն էր: Նա, Էրիկ Սթալը, Քորի Սթիլմանը և Ջասթին Ուիլյամսը թիմին հասցրին NHL-ի բարձունքին, որից «Հարիքեյնզը» գահավիժեց ու երկար տարիներ չէր կարողանում բարձրանալ: Ծանր Բեռն ուսերին առավ թիմի լեգենդ Ռոդ Բրենդամորը, եկավ ու արդեն 3 մրցաշրջանից ավելի կառուցել է մի թիմ, որից մասնագետները միայն ու միայն չեմպիոնություն են ակնկալում: «Կարոլինան» լիգայում ամենաբալանսավորված ու ամենաաստղային թիմերից մեկն է, որտեղ օղակների միջև կարգերի տարբերությունը չնչին է:

2020 թվականին թիմը դրաֆթի 13-րդ համարով ընտրեց աջ հարձակվող Սեթ Ջարվիսին, որին հիմնականում ռոտացիայի համար էին դիտարկում: 2021-2022 մրցաշրջանում Բրենդամորը պարբերաբար կադրային խնդիրներ էր ունենում: Եկավ հատված, երբ փորձառու հոկեյագետն այլևս տարբերակ չուներ ու սկսեց վերջին օղակներից վերև բարձրացնել Ջարվիսին: Բացի այն, որ Սեթը կայուն կերպով միավորներ էր վաստակում ու կարողանում էր թիմի համար բարդ խաղերում իրավիճակ փոխել, աստիճանաբար Բրենդամորին համոզում էր, որ իրեն ավելի շատ խաղաժամանակ է պետք տրամադրել: Ջարվիսն այնքան օգտակար հոկեյ էր խաղում որ, «Կարոլինայի» առաջին օղակում Սեբաստիան Ահոյի կողքին անփոխարինելի մասնիկ դարձավ: Սեթը նաև կարևոր ֆիգուր է քանակական առավելության ժամանակ ու սահքի բարձր որակի, արագ ձեռքերի, կտրուկության ու ճկունության համար միշտ կարողանում է կայուն կերպով միավորներ վաստակել: Այս մրցաշրջանում «Կարոլինայում» մրցակցությունն էլ ավելի է մեծացել, բայց Ջարվիսը շարունակում է 22 տարեկանում խաղալ հոկեյ, որը բնորոշ է ավելի հասուն կատարողների: Նա իր հաջողության բանաձևն ունի՝ անել այն, ինչ իրենից չեն սպասում և լինել այնտեղ, որտեղ նրա կարիքը կա:

Քոնոր Բեդարդ

2016 թվականի դրաֆթից հետո, երբ «Տորոնտոն» ընտրեց Օսթոն Մեթյուսին, երբեք չէր եղել մրցաշրջան, որտեղ դրաֆթի առաջին համարի հետ կապված լինեին այնպիսի քննարկումներ, ինչպիսին եղավ Քոնոր Բեդարդի պարագայում: Պատրիկ Քեյնի հետ «Չիկագո Բլեքոքսը» NHL-ում ծնկի բերեց բոլորին, Քեյնը նվաճեց բոլոր տիտղոսներն ու ակումբի պատմության մեջ այնպիսի հետք թողեց, որ նրա հեռանալուց հետո բարդ էր հավատալ, որ «Չիկագոյում» նորից կհավատան, որ նոր Քեյն են ունենալու: 2022 և 2023 թվականների աշխարհի երիտասարդական առաջնությունում Կանադայի հավաքականը հավասար չուներ, իսկ թիմի առաջատարը հենց Քոնորն էր: Իր տարիքին ոչ հատուկ հասունության համար Բեդարդին դրաֆթով թիմ հրավիրող ցանկացած ակումբ անգին զարդ էր ունենալու:

2023 թվականին «Բլեքոքսն» առանց երկար մտածելու դրաֆթի առաջին համարով ընտրեց Քոնոր Բեդարդին: Մինչև «Չիկագոյում» նորամուտը Բեդարդն անգամ թիմի երիտասարդական հատվածում իրեն դրսևորելու շանս չուներ: 18-այմա կենտրոնականը, Կանադայի Արևմտյան հոկեյի լիգայի 2022-2023 մրցաշրջանում մասնակցելով 64 խաղի, 164 միավոր էր վաստակել, ցուցանիշ, որը շատ վաղուց ոչ մի հոկեյիստի հասու չէր: Բեդարդի նորամտուը «Չիկագոյում» ավելի քան տպավորիչ ստացվեց: Խաղից խաղ ընտելանալով աշխարհի լավագույն լիգայի տեմպին՝ Բեդարդը դարձավ «Չիկագոյի» անխոս առաջատարը, որին թիմի երկրպագուներն անմնացորդ սիրեցին: Հրաշամանուկն ընդամենը 18 տարեկան է, բայց հոկեյում նրա առաջին քայլերը տեսնելուց հետո հասկանալի է դառնում, որ նա դատապարտված է հաջողության:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ