Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի վինգեր Նեյմարը մոտ է «Սանթոս» վերադառնալուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բրազիլական ակումբը առաջարկ է արել «Ալ Հիլյալին» և պատրաստ է վարձակալել 32-ամյա ֆուտբոլիստին։ Այժմ «Սանթոսը» սպասում է Ռիադը ներյայացնող ակումբի վերջնական որոշմանը։ Վճռորոշ կարող է լինել Նեյմարի աշխատավարձի հարցը, քանի որ բրազիլացին տարեկան 100 միլիոն եվրո է վաստակում Սաուդյան Արաբիայում։ Դրանից բացի, նա մինչև 2025թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունի «Ալ Հիլյալի» հետ։
«Սանթոսը» Նեյմարի տեղափոխության հարցում առաջ է անցել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Չիկագո Ֆայրից»։
Ավելի վաղ Ռոմանոն հայտնել էր, որ եզրային հարձակվողը չի ընդգրկվելու «Ալ Հիլյալի»` Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ շրջանի հայտացուցակում։
«Նեյմարը չի գրանցվելու, բայց նա կարող է մասնակցել Ասիայի Չեմպիոնների լիգային։ Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, բայց ֆիզիկապես այլևս չի կարող ցույց տալ այն խաղը, որը նրանից ակնկալում ենք»,- նշել է ակումբի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը։
Նեյմարը 2023թ. հոկտեմբերին՝ Ուրուգվայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության որակավորման փուլի խաղում ծնկի խաչաձև կապանների ու մենիսկի ծանր վնասվածք էր ստացել և խաղադաշտից բացակայել մեկ տարի։ Ֆուտբոլիստը նախորդ տարվա նոյեմբերին հերթական վնասվածքն էր ստացել և անորոշ ժամանակով շարքից դուրս մնացել։
Հիշեցնենք` Նեյմարը «Սանթոսի» սան է, որի համակարգում եղել է 2003-2013թթ.։ Նա ակումբում 225 խաղում խփել է 136 գոլ, կատարել 64 ասիստ։