Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը հերքել է իր մատանուց զրկվելու մասին լուրը:
«Տղանե՛ր, դուք խելագարվել եք: Միայն այս շաբաթվա ընթացքում արդեն 3 կեղծ լուր եք հրապարակել իմ մասին: Globo, նման մեծ լսարան ունեք, բայց ստեր եք տարածում: Ափսոս, որ Բրազիլիայում ինձ հետ այսպես են վարվում»,- սոցցանցերում գրել է 32-ամյա ֆուտբոլիստը:
Ավելի վաղ բրազիլական հանրահայտ պարբերականը տեղեկացրել էր, որ Նեյմարն «Էսթեղլալի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի տնային խաղում դաշտ դուրս գալուց հետո ձեռքով ողջունել է տրիբունաներում հավաքված երկրպագուներին, այդ ժամանակ ֆանատներից մեկին հաջողվել է հանել բրազիլացու մատանին:
Աղբյուրի համաձայն՝ միջադեպից մի քանի ժամ անց թանկարժեք զարդը դրվել էր վաճառքի և գնահատվել էր 15 միլիոն եվրո: