Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի վինգեր Նեյմարի գործակալ Պինի Զահավին հերքել է ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ տարածված լուրերը։
«Մենք չենք բանակցում «Ալ Հիլյալից» հեռանալու շուրջ։ Նա պայմանագիր ունի և շատ գոհ է։ Նեյմարի հայրը և ես միակ մարդիկ ենք, որոնք կարող հստակ խոսել նրա ապագայի մասին։ Չգիտեմ` որտեղից են նման լուրեր տարածվում»,- նշել է գործակալը, որի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք` տարբեր լրատվամիջոցներ հայտնել էին, թե 32-ամյա ֆուտբոլիստն «Ալ Հիլյալի» հետ բանակցում է պայմանագրի խզման հարցում և ցանկանում է վերադառնալ հարազատ ակումբ` բրազիլական «Սանթոս»։
Նեյմարը 2023 թ. օգոստոսին է տեղափոխվել «Ալ Հիլյալ», 7 խաղում խփել 1 գոլ, կատարել 3 ասիստ։ Նա նախորդ մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքի պատճառով։ Խաղադաշտ վերադառնալուց հետո եզրային հարձակվողը նոր վնասվածք է ստացել, կբացակայի 4-6 շաբաթ ու շարք կվերադառնա միայն դեկտեմբերի երկրորդ կեսին։