Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է իր կարիերայի մասին։
«Իրականացրել եմ բոլոր երազանքներս, որոնք ունեցել եմ։ Երբ երեխա էի, երազում էի խաղալ «Սանթոսում» և Բրազիլիայի հավաքականում, բայց Աստված ինձ ավելին տվեց։
Շատ գոհ եմ կարիերայիցս, խաղացել եմ գրանդ ակումբներում։ Այսօր ես Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն եմ և շատ երջանիկ եմ, որ կարողացել եմ նման նվաճման հասնել։ Դա շատ ծանր աշխատանքի և ներդրած մեծ ուժերի արդյունքն է։ Նվիրել եմ ինձ հավաքականին։ Երկրիդ համար պատմություն կերտելը մեծ պատիվ է»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Նեյմարը կարիերայի ընթացքում հանդես է եկել բրազիլական «Սանթոսում», կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում, իսկ 2023 թ. օգոստոսից խաղում է «Ալ Հիլյալում»։ Նա 79 գոլով Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։


