Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, անդրադառնալով Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում ստացած ծանր վնասվածքին, ասել է, որ այս անգամ ընտանիքի ու ընկերների աջակցության կարիքն ունի:
«Շատ տխուր պահ է, վատագույնն իմ կյանքում: Գիտեմ, որ ուժեղ եմ... Բայց այս անգամ ունեմ ընտանիքիս ու ընկերներիս աջակցության կարիքը:
Հեշտ չէ վնասվածք ստանալ, վիրահատվել, հետո... Նորից վիրահատվել չորս ամիս անց:
Ես հավատք ունեմ և ամեն ինչ թողնում եմ Աստծո ձեռքերում»,- X սոցիալական ցանցում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Նեյմարը բուժզննում էր անցել, որն ախտորոշել էր ծնկի խաչաձև կապանի ու մենիսկի պատռվածք: Ֆուտբոլիստը շուտով կվիրահատվի: Նրա ապաքինման ժամկետը դեռևս հստակ չէ, սակայն նրա համար ընթացիկ մրցաշրջանն ավարտված է: