Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, աշխարհի 6-ակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Յուլիա Եֆիմովան նշել է, թե ինչու է որոշել չավարտել կարիերան։
«Ինքս շատերի պես սպասում էի, որ կհայտարարեմ կարիերաս ավարտելու մասին։ Գաղափար չունեմ, թե որքան երկար կշարունակեմ լողալ։ Ի սկզբանե իմ նպատակը գեղեցիկ կերպով հեռանալն էր։ Սակայն վերադարձի պահին զգացի ուժ ու վստահություն։ Հասկացա, որ կարող եմ մրցակցել, և որ ամեն բան դեռ ավարտված չէ։ Ինչ-որ կերպ այդ ամենը վերածնվեց ինձ մեջ։ Միայն դրա համար մնացի, այլապես արդեն կավարտեի կարիերաս։ Այդ պատճառով չեմ կարող ասել, թե որքան երկար կմնամ։ Մինչև մրցաշրջանի ավարտը՝ 100 տոկոսով է»,- ռուս լողորդի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը։
Հիշեցնենք, որ Յուլիա Եֆիմովան ռուս լողորդների շրջանում ռեկորդակիր է աշխարհի առաջնություններում նվաճած մեդալների քանակով (6 ոսկե, 7 արծաթե, 4 բրոնզե)։ 2023 թվականի նոյեմբերին 31-ամյա մարզուհին մրցումներում երկու տարվա բացակայությունից հետո մասնակցել էր Հարավային դաշնային շրջանի առաջնությանը և հաղթել բրասի բոլոր լողատարածություններում (50, 100 և 200 մետր)։


