Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկող ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի և չինացի Դին Լիժենի եզրափակիչ մրցամարտի 13-րդ պարտիան 39-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի:
Սպիտակներով խաղում էր ռուս գրոսմայստերը: Վերջին՝ 14-րդ տուրից առաջ մրցամարտի հաշիվը հավասար է՝ 6,5-6,5:
Մեկօրյա հանգստից հետո ապրիլի 29-ին կայանալիք վերջին՝ 14-րդ տուրում սպիտակներով կխաղա չինացի գրոսմայստերը: Եթե պարտիան ավարտվի ոչ-ոքի, ապա ապրիլի 30-ին Յան Նեպոմնյաշչին և Դին Լիժենը 4 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցամարտ կանցկացնեն: Հավասար արդյունք գրանցվելու դեպքում արագ շախմատի ևս 2-ական պարտիա կանցկացվի, իսկ անհրաժեշտության դեպքում աշխարհի չեմպիոնը կորոշվի կայծակնային շախմատի (բլից) մրցամարտում:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է, որից 1,2 միլիոնը կստանա աշխարհի չեմպիոնը: Եթե աշխարհի չեմպիոնը որոշվի լրացուցիչ մրցախաղում, ապա նրա պարգևավճարը կկազմի 1,1 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարում հաղթած Յան Նեպոմնյաշչին շախմատային թագը պետք է վիճարկեր աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Սակայն նորվեգացի գրոսմայստերը հրաժարվել էր մրցել ռուսաստանցու հետ, ինչից հետո այդ իրավունքը ստացել էր Հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիժենը: ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Նեպոմնյաշչին երկրորդ տեղում է, իսկ Լիժենը երրորդն է: Առաջատարը Մագնուս Կառլսենն է: