Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ֆիլադելֆիան» սեփական խաղահրապարակում հաղթել է «Սան Անտոնիոյին»՝ 133-123 (34-35, 28-23, 42-31, 29-34)։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Ֆիլադելֆիայի» կենտրոնական Ջոել Էմբիդը, որը վաստակել է 70 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ։ Կամերունցի բասկետբոլիստը նաև գրանցել է 18 ռեբաունդ ու 5 ասիստ։
Ջոել Էմբիդը նաև սահմանել է ակումբային ռեկորդ։ Նախկինում «Ֆիլադելֆիայի» կազմում մեկ խաղում ամենաշատ միավորը վաստակել էր լեգենդար Ուիլտ Չեմբերլենը, որը 68 միավոր էր հավաքել 1967 թվականին։
NBA-ի պատմության մեջ 14 անգամ է հաջողվել հավաքել 70 և ավելի միավոր։ Էմբիդը դա արել է 37 խաղային րոպեում, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է։ Նախկինում ոչ մի բասկետբոլիստի չէր հաջողվել այդ ժամանակահատվածում վաստակել 70 և ավելի միավոր։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը «Միլուոկիի» խաղացող Դեմյեն Լիլարդն էր, որը 2023թ․ փետրվարին 71 միավոր էր վաստակել 39 րոպեում։