«Դալաս Մավերիքսի» առաջատար Լուկա Դոնչիչը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։ Կանոնավոր առաջնության նախորդ 2 խաղում սլովենացի բասկետբոլիստը վաստակել է 101 միավոր, ինչպես նաև գրանցել 20 ռեբաունդ ու 24 ասիստ։
Դոնչիչն առաջին բասկետբոլիստն է, որը 2 խաղում միջինը վաստակում է 50 միավոր ու գրանցում թրիփլ-դաբլ, հաղորդում է ESPN Stats Info-ն։
Ընթացիկ մրցաշրջանում «Դալասի» առաջատարը մասնակցել է 39 խաղի, միջին արդյունավետությունը կազմում է 34,4 միավոր, 8,6 ռեբաունդ ու 9,4 ասիստ։
«Ֆինիքս Սանզի» թեթև հարձակվող Քևին Դյուրանտը դարձել է պատմության մեջ 10-րդ բասկետբոլիստը, որը NBA-ում հատում է 28 հազար միավորի շեմը։
«Օռլանդո Մեջիքի» դեմ խաղում (98-113) ամերիկացի բասկետբոլիստը վաստակել է 15 միավոր։ Այժմ Դյուրանտը 28003 միավոր ունի NBA-ում։ Այդ ցուցանիշով ռեկորդակիրը «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսն է՝ 39704 միավոր։
NBA-ի այս կանոնավոր առաջնության 38 խաղում Քևին Դյուրանտի միջին արդյունավետությունը կազմում է 28,4 միավոր, 6,3 ռեբաունդ ու 5,7 ասիստ։