Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտում նվաճեցին 5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ` դառնալով թիմային հաշվարկի հաղթող։ Ցավոք, առաջնությունն ուղեկցվեց նաև սկանդալային հնչեղություն ստացած դրվագով, որի կիզակետում հայտնվեց ծանրամարտի հայ առաջին աշխարհի չեմպիոնուհի, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող Նազիկ Ավդալյանը։ «Խորհրդավոր» օպերատորն արձանագրել էր այն պահը, երբ առաջնության մրցավարական կազմում ընդգրկված Ավդալյանը, Թուրքիայի օրհներգի ժամանակ մոտենալով իր բջջային հեռախոսին, կարծես, ինչ-որ հաղորդագրության է պատասխանում։ Ընթացքում անվանի մարզուհին կքանստել էր։
Նազիկ Ավդալյանը VNews-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է այդ միջադեպին, ինչպես նաև ամփոփել պատանեկան ԵԱ-ում հայ մարզուհիների ելույթները։
«Միանգամից նշեմ, որ երկար տարիներ լինելով սպորտում՝ նախ, որպես մարզուհի, իսկ այժմ նաև՝ մրցավար, ինձ երբեք թույլ չէի տա նման կերպ արտահայտել վերաբերմունքս որևէ երկրի և նրա մարզիկի նկատմամբ։ Կարծում եմ՝ սպորտի քաղաքականացումը պարզապես անընդունելի է։ Արարողության ժամանակ կանգնում ենք ոչ թե տվյալ երկրի, այս դեպքում Թուրքիայի օրհներգի ներքո, այլ հաղթած մարզիկի նվաճումը, նրա կատարած աշխատանքը գնահատելու գիտակցմամբ։ Համենայնդեպս, այդպես եմ ընկալում օրհներգի կատարման արարողության խորհուրդը։ Կրկնում եմ՝ որպես մարզիկ, մրցավար և, պարզապես, մարդ, հարգում եմ յուրաքանչյուր մարզիկի՝ արդար պայքարում գրանցած հաղթանակը։ Եվ ամենևին կապ չունի՝ նա իմ մրցակիցն է, ընկերս, թե՞ հակառակորդը, քանի որ մրցակիցը, հակառակորդը և թշնամին բոլորովին տարբեր հասկացություններ են։ Սպորտում հակառակորդներ չկան՝ կան միայն մրցակիցներ։
Այդ առումով անչափ ցավում եմ, որ տեղի ունեցածը քաղաքականացվել է։ Հատկապես՝ մեր երկրում։ Ականատեսները պնդում են, որ դրվագը տեսագրել է Ադրբեջանի պատվիրակության անդամներից մեկը։ Նրա արարքի տրամաբանությունը հասկանում եմ, սակայն չգիտեմ, թե ինչպես արձագանքեմ մեր այն հայրենակիցներին, ովքեր հասկանալով հանդերձ, որ արարքս միտում չի ունեցել, ամեն կերպ ցանկանում են այլ երանգ հաղորդել դրան։ Սպորտն ընդհանրապես կապ չունի տվյալ երկրի նկատմամբ իմ անձնական վերաբերմունքի հետ։ Մտադիր չեմ արդարանալ տեղի ունեցածի համար, քանի որ հասկացա՝ յուրաքանչյուր ոք դա ընկալում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Անգամ հիմնավորմանը ծանոթանալուց հետո շարունակում են պնդել իրենց կարծիքը»,- նշեց Նազիկ Ավդալյանը։
Անդրադառնալով Հայաստանի ծանրորդների ելույթներին՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնուհին նշեց հետևյալը.
«Մեր մարզուհիները հրաշալի հանդես եկան։ Ճիշտ է, եղան նաև փոքր թերություններ, որոնք հնարավոր է շտկել ժամանակի ընթացքում։ Ցանկալի է միայն հիշել, որ անգամ փոքր անհաջողություններից ճիշտ հետևություն անելը հետագայում կարող է շատ օգտակար լինել։ Իսկ ընդհանուր առմամբ մեր պատանիներն ու աղջիկները իսկապես գերազանց ելույթ ունեցան։ Շատ հեռանկարային և խոստումնալից երեխաներ են։ Մնացածը, համոզված եմ, ժամանակի ընթացքում կշտկվի։ Շփվելով նոր սերնդի հետ՝ տեսնում եմ, որ նրանք շատ լավ հասկանում են, թե ինչ են ուզում, ինչ են անում և, ընդհանրապես, ինչ է սպորտը ու պայքարը։ Շատ մեծ ակնկալիքներ ունեմ նրանցից։ Համոզված եմ՝ նրանք դեռ բազմիցս բարձր կպահեն Հայաստանի մարզական պատիվը տարբեր հարթակներում»։
Հիշեցնենք, որ Քիշնևում Ժորա Գրիգորյանը (Մ17, 61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (Մ17, 67 կգ), Վալերիկ Մովսիսյանը (Մ15, 89 կգ), Աննա Ամրոյանը (Մ17, 76 կգ) և Էմմա Պողոսյանը (Մ17, 81 կգ) հռչակվել էին Եվրոպայի պատանեկան չեմպիոն, Հովհաննես Ղահրամանյանը դարձել էր փոխչեմպիոն (Մ17, 81 կգ), իսկ Կառլեն Դավթյանը (Մ17, 49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (Մ17, 40 կգ), Ալինա Սուքիասյանը (Մ17, 71 կգ) և Աշոտ Մարգարյանը (Մ17, 102 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ: