Logo

Նազարեթյան. «Շնորհակալ եմ իմ տղաներին»

00:29 / 13.03.2025Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Եվրոպայի 2026 թ. առաջնության որակավորման հիմնական փուլի վերջին տուրում Ղազախստանի թիմի դեմ խաղում տարած հաղթանակի (4-2) մասին.

«Արդեն ասել էի, որ բոլոր սցենարներին պատրաստ ենք` բրազիլացիների հետ, թե առանց նրանց։ Վերջին 5-6 տարում աշխատանք էինք տարել, որպեսզի փաստի առաջ չկանգնենք։ Նրանք նույնպես մեր ընտանիքի անդամն են, և չեմ ցանկանում ոչ ոքի առանձնացնել։ Միգուցե, նրանք չլինեին այս հաջողությանն էլ չհասնեինք։

Շնորհակալ եմ իմ տղաներին, որոնք եկան մեր հետևից, հավատացին և հասանք այս հաջողությանը։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ՀՖՖ ղեկավարությանը, մասնավորապես, նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Նրա` նախագահ ընտրվելուց հետո հայկական ֆուտզալն սկսեց լայն քայլերով զարգանալ։ Նախկինում մենք, պարզապես, գոյատևում էինք։

Ղեկավարի կողմից երբ նման հավատ ես զգում, անկախ ամեն ինչից, աշխատելու ցանկությունն ավելանում է։

Այս հավաքականից շատ բան պետք է սպասել, քանի որ Եվրոպայի առաջնությանը չենք մասնակցելու` նվեր դառնալու համար։ Այսօր մենք հաղթել ենք աշխարհի երկրորդ, Եվրոպայի երրորդ հավաքականին, իսկ դա վկայում է, որ մենք ներուժ ունենք։ Խոստանում եմ` ավելի ու ավելի ուժեղ կդառնանք»,- նշել է Նազարեթյանը։

Հիշեցնենք, որ Ղազախստանին հաղթելու շնորհիվ Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա