Logo

Նիդերլանդների միակ չեմպիոնությունն ու Վան Բաստենի պատմական գոլը․ Հետհայաց գերմանական նախորդ Եվրոյին

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
17:31 / 19.06.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Գերմանիայում շարունակվում է Եվրո-2024-ը, որի առաջին տուրը ստացվեց գոլառատ ու իրադարձություններով լի: Գերմանիան պատմության մեջ երկրորդ անգամ է հյուրընկալում Եվրոպայի առաջնությունը։

FastNews-ը վերհիշել է գերմանական նախորդ Եվրոյի ամենաուշագրավ իրադարձությունները։

1988 թվականին Գերմանիան հյուրընկալել էր Եվրոպայի 8-րդ առաջնության մասնակիցներին: Այդ ժամանակ խաղերը տեղի ունեցան 8 քաղաքներում, իսկ այս տարի ընդունող քաղաքների թիվն ավելացել է երկուսով: Ի տարբերություն Եվրո-1988-ի՝ այս անգամ Հանովերը չի ընդգրկվել այն քաղաքների ցանկում, որտեղ տեղի են ունենում Եվրոպայի առաջնության խաղերը: Փոխարենը ներգրավվել են Դորտմունդը, Լայպցիգը և մայրաքաղաք Բեռլինը:

Եվրոպայի նախորդ 16 առաջնություններում չեմպիոն է դարձել 10 տարբեր հավաքական, որոնցից մեկը Նիդերլանդների ազգային թիմն է: «Առյուծներն» իրենց միակ չեմպիոնությունը նվաճել են հենց 1988 թվականին Գերմանիայում կայացած առաջնությունում: Այդ տարի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցեց 8 հավաքական: Մրցաշարն ավելի քան ստացված էր, արդյունքները՝ բավականին հետաքրքիր: 4 տարի առաջ Ֆրանսիայում կայացած Եվրոյում չեմպիոն էին դարձել տանտերերը, որոնք եզրափակիչում հաղթել էին Իսպանիայի հավաքականին: Պորտուգալիան և Դանիան էլ դարձել էին բրոնզե մեդալակիր: Գերմանիայում այս հավաքականներից ոչ մեկը մրցանակային տեղ չգրավեց: Եվրո-1988-ից 2 տարի առաջ էլ Մեքսիկայում կայացած Մունդիալում Գերմանիան արծաթե մեդալակիր էր դարձել, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում Ֆրանսիան հաղթել էր Բելգիային, սակայն այս հավաքականներից միայն գերմանացիները կարողացան տնային մրցաշարում մեդալակիր դառնալ: Կարելի է ասել՝ նախնական ակնկալիքների և գրանցված արդյունքների առումով բավականին անակնկալ մրցաշար էր:

Առաջին խմբում Գերմանիայի և Իտալիայի հավաքականները տարան 2-ական հաղթանակ և միմյանց միջև դիմակայությունն ավարտեցին ոչ-ոքի: Արդյունքում տանտերերը և իտալացիները թիկունքում թողեցին Իսպանիայի և Դանիայի հավաքականներին ու դուրս եկան կիսաեզրափակիչ:

Երկրորդ խմբում 5 միավորով հաղթող դարձավ ԽՍՀՄ-ի հավաքականը, իսկ հոլանդացիները 4 միավորով գրավեցին երկրորդ տեղը և հայտնվեցին լավագույն քառյակում: Խմբային փուլում ԽՍՀՄ-ի հավաքականը Վասիլի Ռացի խփած միակ գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց աստղային կազմ ունեցող «Նարնջագույններին»: 

Կիսաեզրափակիչի առաջին խաղում Նիդերլանդների հավաքականը Համբուրգի «Ֆոլկսպարկշտադիոնում» ուժերը չափեց Գերմանիայի հետ: Չնայած Լոթար Մաթեուսը 11-մետրանոցից առաջ մղեց տանտերերին՝ Ռոնալդ Կումանը, կրկին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, րոպեներ անց վերականգնեց հավասարությունը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ հաղթական գոլը խփեց մրցաշարաի լավագույն ֆուտբոլիստ և գլխավոր ռմբարկու Մարկո վան Բաստենը: Հետաքրքիր է, որ Եվրո-2024-ի առաջին խաղը Նիդերլանդների հավաքականն անցկացրեց նույն Ռոնալդ Կումանի գլխավորությամբ և կրկին Համբուրգի գլխավոր ստադիոնում: Երկրորդ կիսաեզրափակիչում ԽՍՀՄ-ի հավաքականը Գենադի Լիտովչենկոյի և Օլեգ Պրոտասովի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց իտալացիներին և դուրս եկավ եզրափակիչ:

Մյունխենի «Օլիմպիական» ստադիոնում կայացած եզրափակիչն ընդհանուր առմամբ հավասար պայքարում անցավ: ԽՍՀՄ-ի հավաքականի ֆուտբոլիստներն առանձին պահերով ավելի մոտ էին հաջողությանը, սակայն չկարողացան գրավել դարպասը, իսկ հոլանդացիները պահերի իրացման առումով ավելի արդյունավետ էին և կարողացան 2 գոլ խփել ու առաջին ու դեռևս միակ անգամ դառնալ աշխարհամասի չեմպիոն: Վճռորոշ խաղի հաշիվը բացեց «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռուդ Գոլիտը, իսկ երկրորդ գոլը խփեց Մարկո վան Բաստենը: Վերջինիս հիասքանչ գոլը լավագույններից է Եվրոներում ու ֆուտբոլի պատմության մեջ: Արդյունքում Վան Բաստենը ոչ միայն 5 գոլով ճանաչվեց գլխավոր ռմբարկու և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, այլև այդ հիանալի տարվա արդյունքներով արժանացավ «Ոսկե գնդակին»:

Ասում են՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Միակ չեմպիոնությունից 36 տարի անց Նիդերլանդների հավաքականը կրկին Գերմանիայում մասնակցում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին և ամենևին չի համարվում գլխավոր ֆավորիտներից մեկը, սակայն Կումանի գլխավորած թիմը հաղթանակով մեկնարկեց և հաջորդ խաղում հանդիպելու է հաղթողի կոչման գլխավոր հավակնորդներից մեկին՝ Ֆրանսիայի հավաքականին: Ֆրանսիացիների դեմ առաջիկա խաղը շատ հարցերի պատասխան կարող է տալ, և ավելի պարզ կլինի, թե որքանով են մոտ Կումանը և տղաներն այս Եվրոյում լուրջ առաջադրանքներ կատարելու:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա