«Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանի համար «Վեստ Արմենիայի» դեմ հանդիպումը հոբելյանական էր։ Երևանյան ակումբի սանը Fastex Պրեմիեր լիգայում անցկացրեց իր 100-րդ հանդիպումը։
Այդ կապակցությամբ Աղասարյանը կիսվել է տպավորություններով ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում, ինչպես նաև խոսել է թիմի խաղացանկի և մթնոլորտի մասին։
Հոբելյանական խաղի մասին
«Շատ ուրախ եմ, որ անցկացրեցի իմ 100-րդ հանդիպումը Հայաստանի առաջնություններում և կրկնակի ուրախ եմ, որ այդ նվաճմանը հասել եմ իմ հարազատ ակումբի՝ «Ուրարտուի» կազմում։ Ցավոք, հոբելյանական հանդիպումս հաղթանակով չավարտվեց, բայց հուսամ, որ կկարողանամ ավելի մեծ նշաձողի ձգտել։ Հիշում եմ նորամուտիս խաղը։ «Նորավանքի» դեմ տնային հանդիպում էր, որտեղ հաղթեցին 2-1 հաշվով»։
Թիմում մթնոլորտի մասին
«Մթնոլորտը շատ լավն է, կարծում եմ որ մրցաշրջանի լավ հատված ենք անցկացնում, ինչն էլ խոսում է առաջատարի դիրքում գտնվելու փաստը։ Երկու շատ կարևոր խաղում միավորներ կորցրեցինք, բայց շարունակում ենք մնալ համախմբված»։
Խաղացանկի մասին
«Առջևում սպասվում է ամենաբարդ հանդիպումների շարքը, որը մեզ համար մրցաշրջանի ամենակարևոր հատվածն է։ Կփորձենք առավելագույնը քաղել առաջիկա հանդիպումներից»։
Իր մարզավիճակի
«Մարզավիճակս կգնահատեմ բավարար, կարծում եմ՝ դեռ ավելացնելու տեղ ունեմ։ Առաջիկա խաղերին արդեն պատրաստ եմ ամբողջական 90 րոպե անցկացնել խաղադաշտում»։