ՊՍԺ-ն այլևս չի ցանկանում ձեռք բերել իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նիգերիացի ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել էր պայմանագրի կետերը Ֆրանսիայի չեմպիոնի հետ, սակայն ՊՍԺ-ի ու «Նապոլիի» բանակցությունները մտել են փակուղի, քանի որ իտալական ակումբը մեծ գումար է պահանջել: ՊՍԺ-ն արդեն հրաժարվել է նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերելու մտքից: Այդ քայլով փարիզյան ակումբը փորձում է հավելյալ վստահություն ներշնչել թիմի հարձակվողներ Ռանդալ Կոլո Մուանիին ու Գոնսալու Ռամուշին:
Վիկտոր Օսիմհենը շարունակում է մտածել «Նապոլիից» հեռանալու մասին: 25-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ բանակցել նաև Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբների հետ:
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում նիգերիացին «Նապոլիում» անցկացրած 32 խաղում խփել է 17 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում:


