Վերջին տարիներին սպորտային շատ իրադարձությունների կենտրոնը դարձել է Սաուդյան Արաբիան: «Կանաչ բազեների» երկրում արդեն սովորել են ամեն շաբաթ վայելել ֆուտբոլային գերաստղերի խաղը: Ռիադն ընդունել է նաև Ռաֆա Նադալին ու Նովակ Ջոկովիչին, այնտեղ եղել են բռնցքամարտի հսկաներ Ալեքսանդր Ուսիկն ու Թայսոն Ֆյուրին: Նախորդ տարի էլ Սաուդյան Արաբիայում առաջին անգամ անցկացվեց UFC-ի մրցաշար. այդ ճանապարհորդությունն արաբական աշխարհ հետաքրքիր էր ու հաջողված:
Նախորդ մրցաշարից ընդամենը կես տարի անց UFC-ն վերադառնում է Սաուդյան Արաբիա: Ռիադի ABN արենայում արդեն այսօր տեղի կունենա UFC Fight Night 250-ը: Մրցաշարի գլխավոր մենամարտում կմրցեն նախկին չեմպիոն Իսրայել Ադեսանյան ու կամաց-կամաց չեմպիոնական գոտու հավակնորդ դարձող Նասուրդին Իմավովը:
Միջին քաշային կարգի «հսկան»՝ Ադեսանյան պարտվել է նախորդ երկու մենամարտերը: Շոն Սթրիքլենդից կրած շոկային պարտությանը հաջորդեց Դրիկուս դյու Պլեսիի խեղդող հնարքը:
Իսրայել Ադեսանյա
Իսրայել Ադեսանյան պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 28 մենամարտ, տարել է 24 հաղթանակ, 16-ը՝ նոկաուտով, 8 մենամարտ հաղթել է մրցավարների որոշմամբ, ունի 4 պարտություն։
29-ամյա Նասուրդին Իմավովը 3 մենամարտերից բաղկացած հաղթական շարք ունի ու բավական բարդ մրցակից է Ադեսանյայի համար:
Հաշվի առնելով, որ Ֆրանսիան ներկայացնող մարզիկն ավելի երիտասարդ է, քան Ադեսանյան, կարելի է ենթադրել, որ 5-ռաունդանոց մենամարտը բխում է Իմավովի շահերից: Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ 35-ամյա Իսրայելը շատ է կարողացել մրցակիցներին հաղթել նոկաուտով, իսկ Իմավովը երբեք նոկաուտի չի ենթարկվել:
Նասուրդին Իմավով
Նասուրդին Իմավովը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 20 մենամարտ, տարել է 15 հաղթանակ, 6-ը՝ նոկաուտով, 4-ը՝ հնարքով, 5-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 4 պարտություն, 1 մենամարտ էլ չեղարկվել է:
UFC Fight Night 250-ում օկտագոն դուրս կգան նաև Շառաբուդին Մագոմեդովն ու Մայքլ Փեյջը: Կարիերայում երբեք պարտության դառնությունը չզգացած Շառան գնում է ավելի մեծ ճանաչելիություն ձեռք բերելու հետևից: Դրա համար նա պետք է հաղթի 37-ամյա Մայքլ Փեյջին: Շառա Բուլետը շոումեն է և սիրում է անդադար լինել ուշադրության կենտրոնում: Նա Սաուդյան Արաբիայում նույնիսկ հանդիպել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ու ստացել պորտուգալացու աջակցությունը: Ռոնալդուն ամենայն հավանականությամբ ներկա կլինի UFC Fight Night 250-ին՝ Շառային երկրպագելու համար:
Մագոմեդովը բավական ուժեղ մարտիկ է, նա հրաշալի է կռվում ոտքով, բայց հետաքրքիր է, որ UFC-ում 2 նոկաուտներն էլ ձեռքի հարվածների միջոցով է կատարել:
Շառա Բուլետը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 15 մենամարտ, տարել է 15 հաղթանակ, 12-ը՝ նոկաուտով, 3-ը՝ մրցավարների որոշմամբ:
Մագոմեդովի մրցակիցը բազմափորձ Մայքլ Փեյջն է: Նախկինում քիքբռնցքամարտով զբաղված բրիտանացուն ևս կարող ենք համարել շոումեն: Նա ունի յուրահատուկ մարտաոճ, որի անբաժան մասն է մրցակիցներին սադրելը: Փեյջը ևս հարվածային մարտիկ է ու նոկաուտների վարպետ:
Միանշանակ է, որ օրվա գլխավոր Շառա Բուլետ - Մայքլ Փեյջ մենամարտը լինելու է օրվա զարդերից:
Մայքլ Փեյջը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 25 մենամարտ, տարել է 22 հաղթանակ, 13-ը՝ նոկաուտով, 3-ը՝ հնարքով, 6-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 3 պարտություն:
UFC Fight Night 250-ը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին և կհեռարձակվի միայն Fast TV հավելվածում: