Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
23-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հրավեր է ստացել մասնակցելու Թուրքիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրի խաղին, որը կկայանա մարտի մարտի 25-ին Երևանում:
«Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար: Կփորձեմ ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին: Որոշումը կայացրել եմ իմ նախաձեռնությամբ, սա եղել է իմ անձնական ընտրությունը»,- Տիկնիզյանի խոսքը փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Նաիր Տիկնիզյանը խաղացել է Ռուսաստանի Մ19, Մ20, Մ21 հավաքականներում, ընդհանուր առմամբ, անցկացրած 16 խաղում խփել է երեք գոլ:
Նաիր Տիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Բանակայինների գլխավոր թիմում նա խաղացել է 2017-2021-ին։ 2020 թվականին պաշտպանը վարձավճարով ելույթ է ունեցել Կուրսկի «Ավանգարդում», իսկ «Լոկոմոտիվի» կազմը համալրել է 2021-ի ամռանը։
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 18 խաղի և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ։