Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է ազգային թիմի նպատակների մասին։
«Տա Աստված, որ Հայաստանի հավաքականը մոտ ապագայում խաղա մեծ մրցաշարում։ Սակայն ես չեմ կարող կանխատեսել, թե երբ դա տեղի կունենա, առավել ևս՝ չեմ կարող խոստանալ։ Մենք ամեն ինչ կանենք դրա համար»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։
Հարցին, թե պատրաստ է արդյոք Հենրիխ Մխիթարյանից հետո ստանձնել Հայաստանի հավաքականի առաջատարի դիրքը, Թիկնիզյանը պատասխանել է․ «Խաղադաշտում առաջատար կարող է լինել յուրաքանչյուրը, և մենք ձգտում ենք դրան։ Չի կարելի որևէ կուռք ստեղծել թիմում։ Յուրաքանչյուրը պետք է նվիրվի 100 տոկոսով ու պատասխանատու լինի իր դիրքի համար։ Մենք այդ ճանապարհին ենք»։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Ֆարերյան կղզիների, իսկ նոյեմբերի 17-ին Ռիգայում կհյուրընկալվի Լատվիային։