Յուլիան Նագելսմանի՝ «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատման պատճառների թվում է եղել այն, որ 35-ամյա գերմանացին Ավստրիայում գտնվող լեռնադահուկային հանգստավայր է մեկնել այն ժամանակ, երբ թիմը շարունակում էր մարզվել, հաղորդում է հեղինակավոր լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Նագելսմանը մարտի 24-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից ««Բավարիայի» անկայուն խաղի, երիտասարդ խաղացողների զարգացման տեմպի անկման, ֆուտբոլիստների՝ մարզչի նկատմամբ վստահության կորստի» պատճառով: Դրանից բացի, ակումբի ղեկավարությունը չի ցանկացել բաց թողնել Թոմաս Տուխելին թիմ հրավիրելու հնարավորությունը:
Յուլիան Նագելսմանը կշարունակի վարձատրվել «Բավարիայից», քանի դեռ նոր ակումբ չի գտել: Թոմաս Տուխելն արդեն ստանձնել է մյունխենյան ակումբի ղեկը: Կողմերի պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Յուլիան Նագելսմանը «Բավարիայի» գլխավոր մարզիչն էր 2021 թվականի հուլիսի 1-ից: Նրա գլխավորությամբ մյունխենյան ակումբն անցկացրեց 84 խաղ, որոնցում տարավ 60 հաղթանակ, կրեց 10 պարտություն, 14 հանդիպում ավարտեց ոչ-ոքի: Մարզչական կարիերայի ընթացքում երիտասարդ մասնագետը գլխավորել է նաև «Հոֆենհայմն» ու «Լայպցիգը»:
49-ամյա Թոմաս Տուխելը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Աուգսբուրգում», «Մայնցում», Դորտմունդի «Բորուսիայում», ֆրանսիական ՊՍԺ-ում ու անգլիական «Չելսիում»: