Թենիսի Իսպանիայի հավաքականի ավագ Դավիդ Ֆեռերը չի բացառել, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը կմասնակցի Դևիսի գավաթի խաղարկության եզրափակիչ հատվածին.
«Ես խոսել եմ Ռաֆայի հետ... Իսկ ինչո՞ւ ոչ։ Մենք նորից կզրուցենք և կորոշենք` ինչ անել։ Դեռ ժամանակ կա։ Կարևոր է, որ նա վնասվածք չունենա։ Եթե ամեն ինչ լավ լինի, Նադալը մեզ կմիանա։
Գիտեմ, որ նրա գլխավոր նպատակն Օլիմպիական խաղերն էին։ Նա երկար ժամանակ չէր խաղացել և հանգստյան օրեր էին հարկավոր` ընտանիքի հետ լինելու և վերականգնվելու համար»,- մեջբերում է Mundo Deportivo-ն։
Դևիսի գավաթի խաղարկության եզրափակիչ հատվածը կայանալու է նոյեմբերի 19-24-ը Իսպանիայի Վալենսիա քաղաքում։ Բացի Իսպանիայից, փլեյ-օֆֆ են դուրս եկել նաև Իտալիան, Նիդերլանդները, Ավստրալիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Կանադան, Արգենտինան։ Մրցաշարի գործող հաղթողն Իտալիայի թիմն է։
Հիշեցնենք, որ 38-ամյա Նադալը վերջին մրցավեճն անցկացրել է հուլիսի 29-ին և 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկրորդ փուլում 1-6, 4-6 հաշվով պարտվել է Նովակ Ջոկովիչին։ Դրանից հետո իսպանացի թենիսիստը բաց է թողել «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնությունը, ինչպես նաև հայտարարել է, որ չի մասնակցելու Laver Cup-ին։