«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պատմել է կարիերայի վերջին մրցաշրջանի ծրագրերի մասին։ Ավելի վաղ 37-ամյա իսպանացին հայտնել էր, որ հաջորդ մրցաշրջանը, հավանաբար, վերջինն է լինելու իր կարիերայում։
«Ցանկանում եմ դարձյալ մրցունակ լինել։ Չեմ երազում վերադառնալ ու հաղթել «Ռոլան Գարոսում» կամ Australian Open-ում։ Չեմ ցանկանում մոլորության մեջ գցել մարդկանց։ Հասկանում եմ, որ կարիերայի այս փուլում ես հեռու եմ այդ ամենից։ Սակայն չեմ ասի, որ դա անհնար է, քանի որ սպորտում ամեն բան կարող է լինել։
Նոյեմբերին հստակ կհայտնեմ առաջիկա ծրագրերի մասին։ Այս պահին մարզվում եմ շաբաթական 3 անգամ՝ 40 րոպեով»,- Նադալի խոսքը մեջբերում է Movistar Tennis-ը։
Աշխարհի նախկին առաջին ռակետը նաև նշել է, որ դեմ չէր լինի ապագայում դառնալ Մադրիդի «Ռեալի» նախագահը։
«Իհարկե կցանկանայի դա, ինչու՝ ոչ։ Սակայն կարծում եմ, որ նման բան չի լինի։ Մենք հիմա էլ շատ լավն ենք։ Ունենք հրաշալի նախագահ և չեմ կարծում, որ հիմա «Ռեալն» ունի իմ կարիքը։ Սակայն երբեք չգիտես, թե ինչ կլինի ապագայում»,- ասել է իսպանացին։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը տևական ժամանակ երկրպագում է «Ռեալին»։