«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 18 տարվա մեջ առաջին անգամ դուրս է մնացել ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակից:
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը, որում Նադալը նահանջել է չորս աստիճան՝ հայտնվելով 13-րդ տեղում: 36-ամյա իսպանացին 2005 թվականի ապրիլի 25-ից հետո առաջին անգամ տեղ չի գտել թոփ-10-ում: Նադալն 916 շաբաթ անընդմեջ լավագույն տասնյակում էր, ինչը ռեկորդ է:
Հիշեցնենք, Նադալն ապաքինվում է վնասվածքից, որը ստացել էր հունվարին կայացած «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնությունում:
ATP-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղ է վերադարձել «Ինդիան Ուելսում» հաղթած իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը, որը շրջանցել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Նովակ Ջոկովիչին:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է մեկ աստիճան և 16-րդն է:
ATP-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ը մարտի 20-ի դրությամբ
1 (2). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 7420 միավոր
2 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 7160
3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5770
4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 5560
5 (6). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 4330
6 (10). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3415
7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3390
8 (8). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 3325
9 (11). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) ՝ 3065
10 (15). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 2975