Չինական «Բեյցզին Գոան» ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Գո Ցզյասյուանը մահացել է մարզական հավաքի ընթացքում ստացած գլխի վնասվածքի պատճառով, հայտնում է Bayern & Germany-ն:
18-ամյա ֆուտբոլիստը գրեթե մեկ ամիս առաջ Իսպանիայում մասնակցել է ընկերական հանդիպման, որի ժամանակ մրցակցի խաղացողը ծնկով հարվածել է նրա գլխին:
Ցզյասյուանն անշարժ ընկել էր խոտածածկին: Հետագայում բժիշկները պարզել են, որ երիտասարդ տաղանդն ուղեղի լուրջ վնասվածք է ստացել և արհեստականորեն պահպանել են նրա կյանքը:
Գոն չինացի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից էր: Նա մասնակցել էր Մյունխենի «Բավարիայի» կազմակերպած FC Bayern World Squad ճամբարին ու մարզվել էր գերմանական գրանդի հետ:


