Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը, գերմանական հեղինակավոր լրատվամիջոցների պնդմամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից։
Sky Sport-ի հաղորդմամբ՝ 35-ամյա ֆուտբոլիստը կարիերան MLS-ում շարունակելու առաջարկ է ստացել։
«Բավարիան» ու ֆուտբոլիստը մինչև հունիսի 30-ը գործող պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության չեն եկել։ Նա ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։
Մյուլերը խաղային պրակտիկայի պակասի պատճառով դեռ նախորդ ամռանն էր մտադիր հեռանալ մյունխենյան գրանդից. գերմանացու ծառայություններով հետաքրքրված էին Սաուդյան Արաբիայից։
Մյուլերը «Բավարիայի» սան է, հիմնական թիմում հանդես է գալիս 2008/09 մրցաշրջանից և 741 խաղում խփել է 247 գոլ, կատարել 273 ասիստ։ Նա ակումբի պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է, գլխավոր ասիստենտն ու երրորդ գլխավոր ռմբարկուն։