Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստները Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Ունիոն Բեռլինի» նկատմամբ հաղթանակը (4-1) տոնել են երկրպագուների ստվարաթղթե լուսանկարների հետ: Հանդիպումը կորոնավիրուսի տարածման վտանգի հետևանքով անցկացվել է դատարկ տրիբունաների առկայության պայմաններում:

«Բորուսիան» հաղթել է Մարկուս Թյուրամի դուբլի, ինչպես նաև Ֆլորիան Նոյհաուսի ու Ալասան Պլեայի խփած գոլերի շնորհիվ: Հյուրերի կազմում հաջողության է հասել Սեբաստիան Անդերսոնը:
Մյոնխենգլադբախը ներկայացնող թիմն ունի 56 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Ունիոն Բեռլինը» 31 միավորով գտնվում է 14-րդ տեղում: Առաջնության առաջատարը 67 միավոր վաստակած «Բավարիան» է:
Մարկո Ռոզեի գլխավորած թիմը հաջորդ տուրում հյուրընկալվելու է «Ֆրայբուրգին»: Խաղը կայանալու է հունիսի 5-ին: «Ունիոն Բեռլինը» հունիսի 7-ին սեփական հարկի տակ մրցելու է «Շալկե-04»-ի հետ:

