Logo

Էյսեբիո՝ առաջին աֆրիկացին, որ նվաճեց Եվրոպան

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
16:40 / 05.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Նրան մինչև օրս համեմատում են Պելեի հետ: Նրա այցեքարտը ֆիրմային դրիբլինգը, ֆանտաստիկ արագությունը, շլացնող տեխնիկան ու հզոր ֆիզիկական ուժն էին:

Նրան պաշտում էին և շարունակում են պաշտել մինչև օրս: Նրա պատվին նույնիսկ Հայաստանի Կենտրոնական բանկն է հատուկ մետաղադրամ թողարկել:

«ՄՈԶԱՄԲԻԿԻ ՄԱՐԳԱՐԻՏԸ»

Էյսեբիո դա Սիլվա Ֆերեյրան ծնվել է Մոզամբիկում, որը Պորտուգալիայի գաղութն էր և պաշտոնապես կոչվում էր Պորտուգալական Արևելյան Աֆրիկա:

Տղան աղքատ ընտանիքից էր: Լաուրինդո Անտոնիո դա Սիլվայի 9 զավակներից չորրորդը փոքր ժամանակվանից աչքի էր ընկնում գնդակի նկատմամբ աննկարագրելի սիրով:

Մոզամբիկն այդ տարիներին Պորտուգալիային ոսկի ու փղոսկր էր մատակարարում, բայց շուտով մետրոպոլիայում հասկացան, որ աֆրիկյան գաղութը կարող է «էժան ու որակյալ հումք» ապահովել նաև պորտուգալական գրանդ ակումբներին:

Շուտով Լիսաբոնի «Սպորտինգն» ու «Բենֆիկան» իրենց ֆարմ-ակումբները ստեղծեցին Մոզամբիկում, իսկ կարճ ժամանակ անց սկսեցին շահագործումը:

Ի դեպ, մոզամբիկյան «Բենֆիկան» չի հավանում պատանի Էուսեբիոյի որակները, իսկ «Սպորտինգ Լոուրենս Մարկիշում» ավելի ուշադիր էին:

15 տարեկանում պատանին արդեն մեկնարկային կազմի ֆուտբոլիստ էր: 4 տարում Էյսեբիոն 42 խաղ անցկացրեց և 75 գոլ խփեց՝ բոլորի ուշադրությունը սևեռելով իր վրա:

1960-ին պորտուգալական «Սպորտինգը» կազմակերպեց չմշակված մարգարիտի տեղափոխությունը, բայց ոխերիմ մրցակից «Բենֆիկայի» գաղտնի գործակալներն իմացել էին վայրէջքի ժամը և Լիսաբոնի օդանավակայանից գողացան «ավարը»:

ԵՎՐՈՊԱՅԻ ՆՎԱՃՈՒՄԸ

Էյսեբիոն շատ արագ հարմարվեց նոր մթնոլորտին, միակ խնդիրը լեզուն էր, որը նույնպես արգելք չդարձավ:

Մարզական հավաքների ժամանակ «Բենֆիկան» ընկերական հանդիպում անցկացրեց Պելեի «Սանթոսի» հետ:

«Հովազն» առաջին անգամ տեսավ իր կուռքին: Ոգևորությունն այնքան մեծ էր, որ Էուսեբիոն փոխարինման դուրս գալուց հետո հեթ-տրիկ ձևակերպեց:

Ի դեպ, ժամանակին հայրենիքում փոքրիկ աֆրիկացին իր ստեղծած բակային թիմը կոչել էր «Բրազիլացիներ», իսկ ինքն այդ թիմի Պելեն էր:

Էյսեբիոն կարճ ժամանակում դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ:

Նրա հետ «Բենֆիկան» բազմաթիվ տիտղոսներ նվաճեց, բայց ամենահիշարժան պահը Չեմպիոնների գավաթի 1962 թվականի եզրափակիչն էր, որտեղ Բելա Գուտմանի բանդան շոկի ենթարկեց Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ու Ֆերենց Պուշկաշի «Ռեալին»: Այդ խաղում «Սև մարգարիտը» դուբլ ձևակերպեց:

Ակումբային ֆուտբոլի բարձրագույն տիտղոսն առաջինն ու վերջինն էր Էուսեբիոյի կարիերայում:

1965-ին նա դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր, բայց չվարակվեց աստղային հիվանդությամբ, իսկ 33 տարեկանում փակեց կարիերայի ամենափառավոր էջն ու սկսեց դեգերել հյուսիսամերիկյան լիգայում:

ՀԱՎԱՔԱԿԱՆ

Պորտուգալիայի հավաքականում Էյսեբիոն նորամուտը նշեց 1961-ին:

60-ականներին «Սելեսաուն» լավ վիճակում չէր. թիմը տապալում էր գրեթե բոլոր խոշոր մրցաշարերը, բայց 1966-ի Մունդիալն Էյսեբիոյի համար կարապի վերջին պարն էր:

Պորտուգալիայի հավաքականն աշխարհի առաջնությանը որակավորվեց Էուսեբիոյի շնորհիվ: Եվրոպական բրազիլացիների գերաստղը մրցաշարում 9 գոլ խփեց և թիմի համար ապահովեց եզրափակիչ փուլի ուղեգիր:

Խմբային փուլում «Սև հովազը» խփեց 3 գոլ, որից երկուսը՝ այդ ժամանակ գործող չեմպիոն բրազիլացիներին:

Էյսեբիոյի բենեֆիսը կայացավ քառորդ եզրափակիչում, որտեղ պորտուգալացիների մրցակիցն իտալացիներին մրցաշարից դուրս թողած Հյուսիսային Կորեայի հավաքականն էր:

Ֆավորիտը 25-րդ րոպեի դրությամբ «վառվում» էր 0-3 հաշվով, սակայն հաղթեց Էյսեբիոյի պոկերի շնորհիվ՝ 5-3:

Կիսաեզրափակիչում Էուսեբիոն կրկին աչքի ընկավ: Այս անգամ մրցակիցն ապագա չեմպիոն Անգլիայի հավաքականն էր, որն էլ Բոբի Չառլթոնի դուբլի շնորհիվ շարունակեց ճանապարհը:

Պորտուգալացիները դարձան բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղի համար պայքարում նրանք հաղթեցին ԽՍՀՄ-ի հավաքականին, իսկ Էուսեբիոն գրավեց իր ընկերոջ՝ Լև Յաշինի դարպասն ու դարձավ մրցաշարի գլխավոր ռմբարկու:

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՎԵՐԺ ԴԵՍՊԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Համաշխարհային փառք վաստակած մոզամբիկցի տղան նոր հայրենիքի հավաքականում մնաց մինչև 1973 թվականը, 64 խաղում խփեց 41 գոլ, բայց այլևս հաջողությունների չհասավ:

Կարիերայի ավարտից հետո արդեն լեգենդ դարձած մոզամբիկցին աշխատեց «Բենֆիկայի» տարբեր տարիքային թիմերում, դաստիարակեց ապագա աստղերի, որոնցից ամենավառը Ռուի Կոշտան էր:

Էյսեբիոն դարձավ Պորտուգալիայի հավերժ դեսպանն աշխարհում: Նրա շնորհիվ ֆուտբոլային հասարակությունը պորտուգալացիներին անվանեց «եվրոպական բրազիլացիներ»:

Ֆուտբոլի արքա Պելեն հիանում էր Էյսեբիոյի խաղով, թիմակիցներն ու հայրենակիցներն էլ աստվածացնում էին նրան:

Էյսեբիոն տեսավ ու օրհնեց իր ռեկորդը գերազանցած Պեդրու Պաուլետային, Կրիշտիանու Ռոնալդուին և հեռացավ երջանիկ ու կրկին փաթաթված «Բենֆիկայի» գույներով...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ