Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ընտրություն է կատարել Իսպանիայի ազգային հավաքականի վինգերներ Լամին Յամալի («Բարսելոնա») ու Նիկո Ուիլյամսի («Աթլետիկ Բիլբաո») միջև։
«Եվրոպայի առաջնության ժամանակ բոլորն ասում էին Յամալ, Յամալ, Յամալ։ Նա հիասքանչ տղա է, բայց անձամբ ես նախընտրում եմ Նիկոյին։
Հուսով եմ` Ուիլյամսը հանդես կգա սպիտակ մարզաշապիկով, քանի որ Իսպանիայում երկրպագում եմ այդ ակումբին։ Ես շարունակում եմ լինել Մադրիդի «Ռեալի» մեծ երկրպագու»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Cadena SER-ը։
«Ֆեներբահչեն» Եվրոպա լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրում դեկտեմբերի 11-ին սեփական դաշտում մրցելու է Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ։
Ուիլյամսն ու Յամալը 2024 թ. Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի հավաքականի կազմում դարձել են չեմպիոն։ 17-ամյա Յամալը ճանաչվել է մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող, Ուիլյամսը` եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ։ Ուիլյամսը վճռորոշ խաղում (2-1) գրավել է Անգլիայի ազգային հավաքականի դարպասը։