Թուրքական «Ֆեներբահչեն» հաստատել է, որ բանակցություններ է վարում հանրահայտ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի հետ, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով ակումբի հայտարարությանը։
«Բանակցություններ են սկսվել Ժոզե Մոուրինյուի հետ»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:
61-ամյա մասնագետը նույնպես հաստատել է, որ պատրաստվում է գլխավորել «Ֆեներբահչեն»:
«Դեռ ոչինչ ստորագրված չէ, բայց այո, ես ցանկանում եմ գլխավորել «Ֆեներբահչեն»: Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը հեշտ չի լինի, քանի որ մեզ սպասվում է որակավորման երեք փուլ։ «Ֆեներբահչեի» 8 ֆուտբոլիստներ կմասնակցեն Եվրո-2024-ին և բաց կթողնեն նախամրցաշրջանային հատվածը: Հեշտ չի լինի, բայց, ինչպես գիտեք, ես սիրում եմ մարտահրավերներ ընդունել»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ASpor-ը։
Մոուրինյուն այս պահին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում է, որտեղ կհետևի «Բորուսիա Դորտմունդ» - «Ռեալ» Չեմպիոնների լիգայի եզրափակիչին:
Հիշեցնենք, որ պորտուգալացին հունվարին իտալական «Ռոմայից» հեռանալուց հետո ազատ գործակալ է: Մոուրինյուն նախկինում գլխավորել էր նաև պորտուգալական «Պորտուն», «Բենֆիկան», Լոնդոնի «Չելսին», իտալական «Ինտերը», Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»:


