Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գրեթե կասկած չունի, որ ապագայում մարզչական աշխատանքի է անցնելու Սաուդյան Արաբիայում:
«Համոզված եմ, որ կաշխատեմ Սաուդյան Արաբիայում: Չգիտեմ՝ երբ, բայց բավականին վստահ եմ, որ դա տեղի կունենա:
Ես հավատարիմ եմ «Ռոմայում» իմ աշխատանքին ու ցանկանում եմ մինչև վերջին օրն ակումբին տալ ամեն ինչ:
Ապագան ոչ ոք չի կարող գուշակել, բայց ես վստահություն ունեմ (Սաուդյան Արաբիայում աշխատելու-խմբ.): Սաուդյան Արաբիայի դռները միշտ բաց են ինձ համար, իսկ ես ուզում եմ զգալ այնտեղի զարգացումները:
Սկզբում այնտեղ գնաց Կրիշտիանու Ռոնալդուն: Շատերը մտածում էին, թե դա անհատական շոու է, սակայն հետո հասկացան, որ ամեն ինչ փոխվում է»,- «Ռոյթեր» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Մոուրինյոն MBC Egypt TV-ի հետ հարցազրույցում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պորտուգալացի մասնագետը հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գերշահավետ ֆինանսական պայմաններով գլխավորելու առաջարկից, քանի որ «Ռոմայի» ղեկավարությանն ու ֆուտբոլիստներին խոստացել էր երրորդ մրցաշրջանն անցկացնել հռոմեական ակումբում: