«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում բուլղարական «Լուդոգորեցի» նկատմամբ 3-1 հաշվով տնային հաղթանակը, որի շնորհիվ իտալական ակումբը C խմբում գրավել էր երկրորդ տեղը և նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։
«Ստացվեց ծանր հանդիպում։ «Լուդոգորեցը» գիտի՝ ինչպես խաղալ։ Նրանք ունեն արագ ու ագրեսիվ ֆուտբոլիստներ, որոնք կարող են արդյունք ապահովել։
Երկրորդ խաղակեսում մենք դաշտ դուրս եկանք այլ տրամադրվածությամբ ու ինտենսիվությամբ։ Փոխեցինք իրավիճակը, սակայն պետք է խաղանք ավելի լավ։ Այժմ մենք կդիմակայենք գիշատիչներին, որոնք եկել են Չեմպիոնների լիգայից»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ C խմբում հաղթել էր իսպանական «Բետիսը», որը նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։ «Ռոման» պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչից, որտեղ կխաղան նաև Չեմպիոնների լիգայի խմբերում երրորդ տեղ գրաված թիմերը։
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 7-ին։