Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մուսա Եվլոևին (97 կգ) արգելել են մասնակցել Բաքվում կայանալիք վարկանիշային մրցաշարին։ Պատճառն այն է, որ ռուս ըմբիշը լուսանկարվել է «Ո՛չ նացիզմին» գրությամբ պաստառի ֆոնին։
Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին հայտարարել է, որ մտադիր են բողոքարկել այդ որոշումը։
«Մենք զբաղվում ենք այդ ուղղությամբ։ Այս իրավիճակում անհրաժեշտ է միայն ողջախոհություն և սթափություն։ Այլ ոչ թե այն, որի մեջ գտնվել են որոշումը կայացրած մարդիկ»,- Մամիաշվիլիի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն։
Բաքուն Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար եվրոպական գոտու նախավերջին որակավորման մրցաշարը կընդունի ապրիլի 4-7-ին։ Վերջին վարկանիշային մրցումը կայանալու է թուրքական Ստամբուլում։

