«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի (1-1) խաղաց շոտլանդական «Աբերդինի» հետ: 4 տուրից հետո Հայաստանի գործող չեմպիոնը Լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում 5 միավորով 23-րդ տեղում է:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Նոան» 12-րդ խաղն անցկացրեց՝ գրանցելով 5-րդ ոչ-ոքին: Հայաստանի չեմպիոնը 4 հաղթանակ է տարել, կրել է 3 պարտություն, խփել է 19 գոլ, բաց է թողել 16 գնդակ:
2. «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի արտագնա 2-րդ հանդիպումն էլ ավարտեց ոչ-ոքի: Հոկտեմբերի 24-ին Ռումինիայում «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ կայացած մրցախաղում էլ միևնույն 1-1 հաշիվն էր գրանցվել:
3. Նախորդ մրցաշրջանի համեմատ «Նոան» ավելի հաջող է հանդես գալիս Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում՝ 4 խաղում վաստակելով 5 միավոր: Նախորդ մրցաշրջանի Լիգայի փուլում անցկացրած մեկնարկային 4 հանդիպումներում «Նոան» 4 միավոր էր վաստակել:
Մեկնարկային խաղում «Նոան» սեփական դաշտում 2 անպատասխան գնդակ էր ուղարկել չեխական «Մլադա Բոլեսլավի» դարպասը, իսկ հաջորդ երկու խաղերում հյուրընկալվելիս պարտվել էր ավստրիական «Ռապիդին» (0-1) և անգլիական «Չելսիին» (0-8): 4-րդ տուրում իսլանդական «Վիկինգուրի» հետ տնային խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
4. Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում ընդհանուր առմամբ անցկացրած 10 խաղում «Նոան» 2 հաղթանակ է տոնել, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 5 պարտություն, խփել է 10 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 20 գնդակ:

5. Եվրագավաթների մրցաշարերում «Նոան» 29-րդ խաղն անցկացրեց՝ գրանցելով 7-րդ ոչ-ոքին: Հայաստանի չեմպիոնը 11 հաղթանակ է տարել, նույնքան խաղում պարտվել է, խփել է 45 գոլ, բաց է թողել 47 գնդակ:
6. «Նոան» եվրագավաթների մրցաշարերում առաջին անգամ մրցեց շոտլանդական թիմի հետ: «Աբերդինն» էլ առաջին խաղն անցկացրեց Հայաստանի ներկայացուցչի հետ՝ դառնալով շոտլանդական 4-րդ ակումբը: Շոտլանդական թիմերի հետ եվրագավաթներում անցկացված 7 հանդիպումներում հայկական ակումբներն ընդամենը մեկ հաղթանակ են տարել, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 4 պարտություն, խփել են 3 գոլ, բաց են թողել 10 գնդակ:
7. Հետաքրքիր է, որ եվրագավաթների մրցաշարերում շոտլանդական մյուս 3 թիմերի հետ մրցել է միայն «Ալաշկերտը»: Հայ-շոտլանդական ֆուտբոլային առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 2015/16թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում: Մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ «Ալաշկերտին» հաջողվել էր հաղթահարել «Սենթ Ջոնսթոնի» արգելքը (1-0, 1-2):
Իսկ ահա «Սելթիկի» (2018/19թթ. ՉԼ, 0-3, 0-3) և «Գլազգո Ռեյնջերսի» (2021/22թթ. ԵԼ, 0-1, 0-0) հետ հանդիպումներում ալաշկերտցիներն անհաջողության էին մատնվել:

8. Նարդին Մուլահուսեյնովիչը 4-րդ անընդմեջ խաղում գոլի հեղինակ դարձավ: Եվրագավաթներում նա իր գոլերի հաշիվը բացել էր խորվաթական «Ռիեկայի» հետ կայացած Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի մեկնարկային խաղում, ապա գրավել էր ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» և չեխական «Սիգմայի» դարպասները: Մուլահուսեյնովիչը 4 գնդակով դարձավ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում հայկական ակումբների լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Մաթեուս Այասի ցուցանիշը:

9. Նարդին Մուլահուսեյնովիչը գերազանցեց նաև Մաթեուս Այասի մեկ այլ ռեկորդային ցուցանիշ: Վերջինիս հաջողվել էր եվրագավաթների մրցաշարերում 3 խաղ անընդմեջ գոլ խփել: Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկությունում Այասը փլեյ-օֆֆի երկու հանդիպումներում էլ մեկական գոլ էր խփել Սլովակիայի «Ռուժոմբերոկի» դարպասը, իսկ Լիգայի փուլի մեկնարկային տուրում աչքի էր ընկել չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ խաղում:
Նարդին Մուլահուսեյնովիչը 4 գոլով Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների ցանկում է: Նա ընդամենը մեկ գնդակով է զիջում ցանկը գլխավորող «Ցելյեի» ֆուտբոլիստ Ֆրանկո Կովաչևիչին:
10. Գուստավո Սանգարեն եվրագավաթներում հոբելյանական՝ 25-րդ խաղն անցկացրեց: 26-ական խաղով թիմի ռեկորդակիրներն են Հելդեր Ֆեռեյրան և Մաթեուս Այասը:


