Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան նախախաղային մամուլի ասուլիսում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ կայանալիք հանդիպման մասին։
«Մթնոլորտն ավելի լավ լինել չէր կարող, քանի որ տղաները շատ ոգևորված և անհամբեր սպասում առաջիկա խաղին: Մենք քրտնաջան աշխատել ենք, լավ ենք պատրաստվել խաղին: Առավելագույնս մոտիվացված ենք:
Իհարկե, լավ ենք վերլուծել մրցակցին, քանի որ ամեն անգամ կատարում ենք մեր աշխատանքը: Հիանալի գիտենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերն ու խաղին պատրաստվել ենք՝ հիմնվելով այդ ամենի վրա: Բայց նաև ուշադրություն ենք դարձրել մեր թիմին` այն ամենին, ինչը մեր թիմի մոտ ամենալավն է ստացվում:
Ակնկալում ենք, որ վաղը շատ մրցունակ խաղ ցույց կտանք այնպիսի թիմի դեմ, որը դարձյալ հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում, ակնկալում ենք, որ գրավիչ ու դրական ֆուտբոլ կխաղանք: Հուսով ենք՝ մրցակցից ավելի լավը կլինենք:
Մեր նպատակն ամեն խաղում հաղթանակի համար դաշտ դուրս գալն է, գրավիչ ֆուտբոլ ցուցադրելն ու այս մրցաշարում մեր հետքը թողնելը: Իհարկե, հուսով ենք՝ դա բավարար կլինի հաջորդ փուլ դուրս գալու համար:
Մեզ համար շատ լավ է: Ամեն անգամ, երբ խաղում ենք սեփական դաշտում, շատ ավելի մեծ վստահություն ենք ունենում, քանի որ խաղում ենք 12-րդ խաղացողի՝ մեր երկրպագուների հետ: Դա մեզ շատ է օգնում»,- ասել է պորտուգալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ «Նոա» - «Մլադա Բոլեսլավ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 3-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկելու է 20:45-ին և լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում։