Մոնտե Կառլոյում ընթացող թենիսի «Մասթերս» ATP-1000 շարքի մրցաշարում աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը պայքարն սկսեց երկրորդ շրջանից ու 6-1, 6-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռոման Սաֆիուլինի (Ռուսաստան, 41-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևեց 1 ժամ 11 րոպե։
Ջոկովիչը երրորդ փուլում մրցելու է Արթուր Ֆիլս (Ֆրանսիա, 36-րդ ռակետ) - Լորենցո Մուզետի (Իտալիա, 24-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։
Հուբերտ Հուրկաչը (Լեհաստան, 8-րդ ռակետ) առաջին շրջանում համառ պայքարում 6-4, 3-6, 7-6 հաշվով հաղթեց Ջեք Դրեյպերին (Մեծ Բրիտանիա, 39-րդ ռակետ)։ Հուրկաչի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը (90-րդ ռակետ), որը 6-2, 6-4 հաշվով հաղթել է Ֆակունդո Դիաս Ակոստային (Արգենտինա, 53-րդ ռակետ)։
Երկրորդ փուլում է նաև Ալեքս Դե Մինորը (Ավստրալիա, 11-րդ ռակետ), որն ընդամենը 1 ժամ 3 րոպեում 6-3, 6-0 հաշվով պայքարից դուրս թողեց Սթեն Վավրինկային (Շվեյցարիա, 79-րդ ռակետ)։ Դե Մինորի հաջորդ մրցակիցը Տալոն Գրիկսպուրն է (Նիդերլանդներ, 26-րդ ռակետ)։
Երկրորդ փուլ են դուրս եկել նաև Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա, 9-րդ ռակետ), Ստեֆանոս Ցիցիպասը (Հունաստան, 12-րդ ռակետ), Ուգո Ումբերը (Ֆրանսիա, 14-րդ ռակետ), Կարեն Խաչանովը (Ռուսաստան, 17-րդ ռակետ) և այլք։


