Logo

Մոմո Տուրեի արդյունավետության ռեկորդն ու Օտուբանջոյի հոբելյանական գոլը. Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:31 / 03.03.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի հանդիպումներից հետո «Նոան» ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Իսկ ահա «Փյունիկը» չեմպիոնական մրցավազքում անչափ կարևոր 3 միավոր կորցրեց՝ պարտվելով «Արարատ-Արմենիային», որը մոտեցավ առաջատարներին:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1.Տուրն անցավ դաշտի տերերի կարգավիճակով հանդես եկած թիմերի առավելությամբ, որոնք հաղթեցին 2 խաղում, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Առաջնությունում կայացած 100 հանդիպումներից 43-ում հաղթել են դաշտի տերերը, 44-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 13 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 4 հանդիպումներում («Գանձասար» - «Արարատ» հանդիպումը հետաձգվել է) խփվեց 10 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,5 գոլ): Առաջնության 100 հանդիպումներում գրանցվել է 303 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,03 գոլ): Առաջնության հոբելյանական՝ 300-րդ գոլի հեղինակը Գոնսալո Գրեգորիոն է:

2. «Փյունիկը» Fastex Պրեմիեր լիգայի գարնանային հատվածում առաջին պարտությունը կրեց, որը 250-րդն էր բոլոր մրցաշարերում: Էրիկ Օկանսիի խփած գնդակն էլ ՀՀ առաջնություններում Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ անցկացրած հանդիպումներում փյունիկցիների բաց թողած 100-րդ գոլն էր: Առաջնության վերջին 5 հանդիպումներում «Փյունիկն» ընդամենը 6 միավոր է վաստակել՝ կրելով 3 պարտություն:

3. «Նոան» ընթացիկ առաջնությունում 12-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: 4-րդ խաղն անընդմեջ Ռուի Մոտայի գլխավորած թիմը մրցակիցներին խոշոր հաշվով է հաղթում՝ ընդհանուր առմամբ խփելով 22 գոլ: Հայաստանի փոխչեմպիոնն առաջնությունում խոշոր հաշվով 9-րդ հաղթանակը տոնեց, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է ընթացիկ մրցաշրջանում: «Նոան» «Շիրակին» երկրորդ անգամ հաղթեց խոշոր հաշվով: Առաջին շրջանում գրանցվել էր 5-0 հաշիվ:

4. «Արարատ-Արմենիան» ընդհատեց առանց հաղթանակների 3 խաղերի շարքը՝ 2-1 հաշվով ռևանշի հասնելով «Փյունիկի» նկատմամբ առաջին շրջանում կրած պարտության դիմաց:

5. Մոմո Տուրեն ընթացիկ առաջնությունում 10-րդ գոլը խփեց ու գերազանցեց թիմի նախկին հարձակվող Էդգար Մովսեսյանի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը: Վերջինս 2022/23թթ. առաջնությունում «Վանում» 9 գոլի հեղինակ էր դարձել:

6. Յուսուֆ Օտուբանջոն «Փյունիկի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գոլը խփեց: Հայկական ակումբներում բոլոր մրցաշարերում խփած գոլերի ընդհանուր քանակով (86) նիգերիացի հարձակվողը հավասարվեց բրազիլացի Մարկոս Պիզելիին:

7. Գոնսալո Գրեգորիոն ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ դուբլ ձևակերպելով, 15 գնդակով միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը: Վերջին 4 խաղերում պորտուգալացի հարձակվողը դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 9 անգամ գրավելով մրցակիցների դարպասը:

Fastex Պրեմիեր լիգայում «Նոայում» խփած գոլերի քանակով Գրեգորիոն շրջանցեց Վլադիմիր Ազարովին և ընդգրկվեց թիմի պատմության գլխավոր ռմբարկուների եռյակում: Ցանկը 23 գնդակով գլխավորում է Արթուր Միրանյանը, որից մեկ գոլ պակաս է խփել Մաքսիմ Մայրովիչը:

8. Արմեն Մանուչարյանը բացեց գոլերի հաշիվն «Ալաշկերտում», իսկ Սուլեյման Իբրահիմը («Վեստ Արմենիա») և Բրունո Ալմեիդան («Նոա») առաջին գոլերը խփեցին Fastex Պրեմիեր լիգայում:

9. Տենտոն Յենեն, որ նախորդ տուրում Fastex Պրեմիեր լիգայում 100-րդ խաղն էր անցկացրել, ևս մեկ հոբելյան նշեց: Նա պաշտոնական մրցումներում «Արարատ-Արմենիայի» կազմում 100-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Նիգերիացի ֆուտբոլիստը հոբելյանը նշեց ընթացիկ առաջնությունում խփած 10-րդ գոլով:

10. Ստանիսլավ Բուչնևը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Օգնյեն Չանչարևիչից (184 խաղ), Վսևոլոդ Երմակովից (171) և Անատոլի Այվազովից (135) հետո Բուչնևը դարձավ Fastex Պրեմիեր լիգայում 100 խաղի սահմանագիծը հատած այլազգի 4-րդ դարպասապահը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա