Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի` «Բարսելոնա» տեղափոխությունը վտանգված է, հաղորդում է Mundo Deportivo-ն։
«Բլաուգրանայի» ու եզրայինի բանակցությունները փակուղի են մտել։ Կատալոնական ակումբին դուր չի եկել 22-ամյա ֆուտբոլիստի պահանջը։
Ուիլյամսը հստակ երաշխիք է ուզում «Բարսելոնայից», որ տրանսֆերից հետո ակումբը նույն խնդիրը չի ունենա, ինչպես նախորդ տարի Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի դեպքում էր։ Նրանց տեղափոխությունից հետո «Կապտանռնագույնները» չէին կարողանում գրանցել ֆուտբոլիստներին։
«Բարսելոնան» Նիկոյին վստահեցրել է, որ ակումբի ֆինանսական վիճակը բարելավվել է, և Օլմոյի ու Վիկտորի պատմությունը չի կրկնվի, սակայն դա բավարար չէ «Աթլետիկի» ֆուտբոլիստին։
Իրավիճակը բարդացնում է նաև բասկյան ակումբի դիրքորոշումը։ «Աթլետիկը» նախընտրում է Ուիլյամսի տրանսֆերային իրավունքը վաճառել «Բավարիային», ոչ թե «Բարսելոնային»։ Մյունխենյան գրանդը դեռ հույսը չի կորցրել, որ կկարողանա ձեռք բերել նրան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ու Նիկո Ուիլյամսը 6 տարվա պայմանագիր են համաձայնեցրել։


