Logo

Մրցանակակիր մեկամյա ընդմիջումից հետո, Կարեն Մելքոնյանը՝ ռմբարկուների տասնյակում. «Ուրարտուի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:48 / 11.06.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Ուրարտուին»:

1. «Ուրարտուն» մեկամյա ընդմիջումից հետո կրկին մրցանակակիր դարձավ՝ արժանանալով բրոնզե մեդալների: Նախորդ անգամ՝ 2022/23թթ. առաջնությունում «Ուրարտուն» Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ չեմպիոն էր հռչակվել:

Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում  անցկացրած 30 հանդիպումներում «Ուրարտուն» վաստակեց 62 միավոր (19 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 64-31), ինչը հնարավոր միավորների 68,8 տոկոսն է:

Ընդ որում հաղթանակներից մեկը տեխնիկական է: Սեպտեմբերի 18-ին Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվել էր «Վեստ Արմենիային»: Սակայն վերջինս խախտել էր լեգեոնականների սահմանված լիմիտը, որի պատճառով «Ուրարտուին» 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ էր շնորհվել:

Թեև նախորդ առաջնության համեմատ «Ուրարտուն» 6 խաղ պակաս անցկացրեց, սակայն 6 հաղթանակ ավելին տոնեց, 13 գոլ ավելի շատ խփեց, բաց թողած գոլերի թիվը նվազեցրեց 16-ով, 12 միավոր ավելին վաստակեց: Հիշեցնենք, որ 2023/24թթ. առաջնության 36 հանդիպումներում «Ուրարտուն» Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ 50 միավորով (13 հաղթանակ, 11 ոչ-ոքի, 12 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 49-49) զբաղեցրել էր 4-րդ տեղը:

 

2. «Ուրարտուն» սեփական դաշտում անցկացրած 15 հանդիպումներում վաստակեց 32 միավոր՝ տոնելով 10 հաղթանակ (մեկը՝ տեխնիկական), 2 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 3 պարտություն, գնդակների տարբերությունը՝ 33-16: Սեփական դաշտում «Ուրարտուն» պարտվել է «Շիրակին» (1-2), «Արարատ-Արմենիային» (0-3) և «Վանին» (0-2):

Հյուրընկալվելիս անցկացրած 15 հանդիպումներում «Ուրարտուի» օգտին 30 միավոր գրանցվեց (9 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 31-15):   

Մրցակցի դաշտում «Ուրարտուն» պարտվել է ԲԿՄԱ-ին (1-2), «Նոային» (1-2) և «Վանին» (1-3):

3. «Ուրարտուն» առաջնությունում 7 խաղ անընդմեջ անպարտելի մնաց՝ տանելով 4 հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Թիմը 5 անընդմեջ հաղթանակ տոնեց:

Մայիսի 18-ին «Նոայի» դարպասը Խարիտոն Այվազյանի խփած գոլը Fastex Պրեմիեր լիգայում «Ուրարտուի» հոբելյանական՝ 1400-րդ գնդակն էր:

Մեկնարկային խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Փյունիկի» հետ, «Ուրարտուն» հաջորդ բոլոր 20 խաղերում էլ գրավել է մրցակիցների դարպասները: Դրանից հետո միայն 2 խաղում թիմի ֆուտբոլիստները գոլ չեն խփել («Արարատ-Արմենիա»՝ 0-3, «Վան»՝ 0-2): 11 խաղում էլ «Ուրարտուի»  դարպասն անառիկ է մնացել:

«Ուրարտուն» խոշոր հաշվով 5 հաղթանակ տոնեց («Ալաշկերտ»՝ 3-0, «Գանձասար»՝ 4-0,  «Փյունիկ»՝ 3-0, 4-1, «Վեստ Արմենիա»՝ 8-0)՝ կրելով այդ կարգի միայն մեկ պարտություն («Արարատ-Արմենիա»՝ 0-3): Ի դեպ, «Վեստ Արմենիայի» նկատմամբ տարած հաղթանակն ամենախոշորն էր առաջնությունում:

4. «Ուրարտուի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 9 հարված, որից իրացվել է 8-ը: «Ուրարտուի» օգտին նշանակված 5 հարվածներն էլ դիպուկ են իրացվել: Իվան Իգնատևը գրավել է արարատցի Տիագո Գոմեսի և «Վանի» դարպասապահ Դանիիլ Պոլյանսկու պաշտպանած դարպասները: Բրունո Միշելը հաղթող է դուրս եկել «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Հենրի Ավագյանի և փյունիկցի Ստանիսլավ Բուչնևի հետ մենամարտերում, իսկ Միքայել Միրզոյանը խոցել է ալաշկերտցի Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասը:

Ալեքսանդր Մելիխովի դարպասին նշանակված 11մ 4 հարվածներից 3-ը դիպուկ են իրացրել բանակային Դավիթ Հակոբյանը, շիրակցի Ռազմիկ Հակոբյանն ու «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մարիուս Նուբիսին, իսկ «Նոայի» հարձակվող Մաթեուս Այասի հարվածը բարձր է ստացվել:

5. Առաջնության 30 հանդիպումներում «Ուրարտուն» փաստացի 62 գոլ խփեց: Գոլերի հեղինակներ դարձան թիմի 20 ֆուտբոլիստներ, ինչպես նաև բանակային Մարկ Ավետիսյանը, փյունիկցի Միխայիլ Կովալենկոն և «Նոայի» պաշտպան Գոնսալո Սիլվան՝ գրավելով սեփական դարպասը:

Ալեքսանդր Պուսկոն, Լուքման Գիլմորը, Անդրեյ Կրավչուկը, Էդգար Մովսեսյանը, Անտոն Կիլինը, Արտյոմ Պոլյարուսը, Իվան Իգնատևը, Խարիտոն Այվազյանը, Արտեմի Գունկոն, Բրունո Միշելը, Նիկոլաս Կալուկյանը և Վլադիսլավ Յակովլևը բացեցին գոլերի հաշիվն «Ուրարտուի» կազմում:

Բոլորից արդյունավետ գործեց Իվան Իգնատևը, որն աշնանային հատվածում 13 գնդակով գլխավորում էր առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Թեև ձմռանը ռուս հարձակվողը հեռացավ թիմից, սակայն նրա խաղընկերներից ոչ մեկին նույնիսկ չհաջողվեց կրկնել այդ ցուցանիշը:

Ի դեպ, Իգնատևի ցուցանիշը լավագույնն է թիմի պատմության մեջ վերջին 13 առաջնություններում: Վերջին անգամ ավելի բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել Բրունո Կորեան՝ 2011թ. առաջնությունում 16 գնդակով դառնալով թիմի լավագույն ռմբարկուն:

Իգնատևն ընդգրկվեց «Ուրարտուի» ամենաարդյունավետ լեգեոնականների հնգյակում, որը 16-ական գնդակով գլխավորում են Բրունո Կորեան և Դու Բալան: Իսկ միջին արդյունավետությամբ՝ 0,81 գոլ (13 գոլ 16 խաղում) Իգնատևի ցուցանիշը լավագույնն է թիմում հանդես եկած այլազգի ֆուտբոլիստների մեջ: Նա գերազանցեց Բրունո Կորեայի միջին արդյունավետության ռեկորդը՝ 0,61 գոլ (16 գոլ 26 խաղում):

6. Կարեն Մելքոնյանը 10 անգամ գրավելով մրցակիցների դարպասները, Fastex Պրեմիեր լիգայում խփած 26 գոլով ընդգրկվեց «Ուրարտուի» պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով 19-ական գնդակ խփած Արարատ Առաքելյանին, Արտակ Դաշյանին ու Աշոտ Ավետիսյանին:

Մելքոնյանը բանակային Արայիկ Էլոյանի հետ դարձավ առաջնության ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստը: Նա նաև արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց: Նախկինում Կարենը ՀՀ առաջնություններում առավելագույնը 4-ական գոլ էր խփել 2018/19, 2021/22 և 2022/23թթ. մրցաշրջաններում:

«Վեստ Արմենիայի» հետ խաղում Կարեն Մելքոնյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ, որն առաջինն էր նրա ֆուտբոլային կարիերայում: «Փյունիկի» հետ խաղում էլ իր օգտին հեթ-տրիկ ձևակերպեց Բրունո Միշելը:

7. Անտոն Կիլինն (33 տարեկան 363 օրական) ու Արտյոմ Պոլյարուսն (32 տարեկան 323 օրական) ընդգրկվեցին «Ուրարտուի» կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Ցանկից դուրս մնացին թիմի նախկին ֆուտբոլիստներ Նորայր Գրիգորյանն (32 տարեկան 66 օրական) ու Տիգրան Եսայանը (32 տարեկան 37 օրական):

Ալեքսանդր Պուսկոն էլ (32 տարեկան 68 օրական) ընդգրկվեց «Ուրարտուի» կազմում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում:

8. «Ուրարտուի» դարպասը պաշտպանեցին 3 դարպասապահներ: «Փյունիկի» հետ մեկնարկային խաղում (0-0) դարպասի պաշտպանությունը վստահվել էր թիմի կազմում նորամուտը նշած Հայկ Ղազարյանին, որը 17 տարեկան 321 օրական էր:

Առաջնության հաջորդ 23 հանդիպումներում թիմի դարպասը պաշտպանեց Ալեքսանդր Մելիխովը՝ բաց թողնելով 25 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,08 գոլ), 8 անգամ դարպասն անառիկ պահելով: Ռուս դարպասապահը 3 խաղ անընդմեջ, 285 րոպե շարունակ դարպասն անառիկ պահեց:

Առաջնության ավարտական 6 խաղերում դարպասում Գոռ Մատինյանն էր, որը 8 գոլ բաց թողեց, 2 խաղում դարպասն անառիկ պահեց:

9. «Ուրարտուի» կազմում ամենատարեցը 34-ամյա Օլեգ Պոլյակովն ու Անտոն Կիլինն էին: 17-ամյա Դավիթ Հարությունյանն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր: Պոլյակովը (34 տարեկան 180 օրական) ընդգրկվեց թիմի կազմում ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով թիմի նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանին (34 տարեկան 59 օրական):

Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (219) «Ուրարտուի» ամենափորձառու ֆուտբոլիստը թիմի ավագ Ժիրայր Մարգարյանն էր:

«Ուրարտուի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից Fastex Պրեմիեր լիգայում թիմում բոլորից շատ խաղերի է մասնակցել Կարեն Մելքոնյանը՝ 170: Այդ ցուցանիշով նա «Ուրարտուի» ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում 4-րդ տեղում է: Ռեկորդակիրն Արամ Բարեղամյանն է (180 խաղ), որին հաջորդում են Սամվել Մելքոնյանը (172) և Արարատ Առաքելյանը (171): Այնպես որ հաջորդ մրցաշրջանում Մելքոնյանը կարող է գերազանցել Բարեղամյանի ռեկորդային ցուցանիշը:

Լեգեոնականներից թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրն  Օլեգ Պոլյակովն է՝ 124:

10. Դմիտրի Գունկոն առաջնության 30 հանդիպումներում խաղադաշտ դուրս բերեց 33 ֆուտբոլիստների, որոնցից 17-ն այլազգի էին:

15 ֆուտբոլիստներ՝ Հայկ Ղազարյանը, Ալեքսանդր Պուսկոն, Այուբ Աբու Օլամը, Անտոն Կիլինը, Արտյոմ Պոլյարուսը, Իվան Իգնատևը, Արտեմի Գունկոն, Բրունո Միշելը, Նիկոլաս Կալուկյանը, Վլադիսլավ Յակովլևը, Մաքսիմ Պալիենկոն, Ալեֆ Սանթոսը, Դմիտրի Տիխին, Գոռ Մատինյանն ու Արթուր Մելիքյանը նորամուտը նշեցին «Ուրարտուի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում:

Առաջնության հանդիպումներում «Ուրարտուի» ֆուտբոլիստները 66 անգամ զգուշացվել են, 5 անգամ հեռացվել են խաղադաշտից: «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը յուրօրինակ հակառեկորդ սահմանեց՝ 2 անգամ հեռացվելով խաղադաշտից: Նա 8 անգամ էլ զգուշացվել է՝ թիմի ֆուտբոլիստներից առավել հաճախ արժանանալով դեղին քարտի:

Մեկական կարմիր քարտի են արժանացել Նարեկ Աղասարյանը, Իվան Իգնատևն ու Սերգեյ Մկրտչյանը:

FastNews-ը ներկայացնում է «Ուրարտուի» ֆուտբոլիստների ցուցանիշները Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Կարեն Մելքոնյան

29

10

2

2. Արտյոմ Պոլյարուս

29

4

1

3. Ալեքսանդր Պուսկո

28

3

4

4. Նարեկ Աղասարյան

28

2

4 (1)

5. Ժիրայր Մարգարյան

26

2

8 (2)

6. Էդգար Մովսեսյան

24

1

-

7. Ալեքսանդր Մելիխով

23

-25

2

8. Էրիկ Փիլոյան

21

1

5

9. Էրիկ Սիմոնյան

20

2

5

10. Օլեգ Պոլյակով

17

1

2

11. Իվան Իգնատև

16

13

-(1)

12. Սերգեյ Մկրտչյան

16

2

3 (1)

13. Լուքման Գիլմոր

15

2

6

14. Անտոն Կիլին

15

1

1

15. Այուբ Աբու Օլամ

15

-

2

16. Խարիտոն Այվազյան

14

2

1

17. Անդրեյ Կրավչուկ

13

1

2

18. Բրունո Միշել

12

6

-

19.Նիկոլաս Կալուկյան

10

1

3

20. Միքայել Միրզոյան

10

1

-

21. Ալեֆ Սանթոս

10

-

6

22. Մաքսիմ Պալիենկո

10

-

2

23. Լեոն Սաբուա

9

-

-

24. Դավիթ Հարությունյան

9

-

-

25. Դմիտրի Տիխի

9

-

1

26. Արտեմի Գունկո

7

2

1

27. Վլադիսլավ Յակովլև

6

2

2

28. Գոռ Մատինյան

6

-8

1

29. Իսաակ Բարրի

6

-

2

30. Գևորգ Տարախչյան

4

-

-

31. Արման Ղազարյան

4

-

-

32 . Հայկ Ղազարյան

1

-

-

33. Արթուր Մելիքյան

1

-

-

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ